Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում. արցախցի առաջինդասարանցիները տեղական արտադրության պայուսակներ կկրեն

10 Օգոստոսի 2023, 16:30

Կրթություն

Արցախում առաջին դասարանցիներն այս տարի կկրեն հենց Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ:

Պայուսակի մակնշման տեղում գրված է. «Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում»։

«Այս գեղեցիկ ծրագիրն ի կատար է ածվում Հայ Կրթական Հիմնարկություն հիմնադրամի շնորհիվ։ Միասնական Հայրենիք ունենալու անփոխարինելի զգացում»,- գրել է Ղարախանյանը:

Արցախի ԿԳՄՍ նախարարությունն էլ հայտնում է, որ  «Հայ կրթական հիմնարկություն»  հիմնադրամի աջակցությամբ այս տարի  առաջին դասարան հաճախող  փոքրիկներին թվով 1900 դպրոցական պայուսակ կնվիրեն։ «Սա յուրօրինակ արձագանք է նախարարության կողմից օրերս հայտարարված  «Լույսի պայուսակ» ակցիային։ Գտնվել են նաև այլ բարի մարդիկ ու կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ` առաջինցիներին նվիրելու համար»,-հայտնել է նախարարությունը։