Արտակարգ արբիտրի կայացրած ցանկացած որոշում պարտադիր է կողմերի համար․ Սիրանուշ Սահակյան

02 Օգոստոսի 2025, 00:25

Քաղաքականություն

Գլոբալ առումով սեփականության իրավունքի պաշտպանության խնդիր կա։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրաժի որոշմանը։

«Այս պարագայում գործ ունենք ներդրումային վեճի հետ՝ հաշվի առնելով, որ սեփականատերերը ոչ միայն ՀՀ քաղաքացի են, վերջիններս ունեն գործունեության կենսական կենտրոններ ՀՀ տարածքից դուրս, և Հայաստանում կատարված ներդրումները գտնվում են երկկողմ պայմանագրերի պաշտպանության տիրույթում»,- ասել է Սիրանուշ Սահակյանը։

Նա նշել է, որ արտակարգ արբիտրի կողմից կայացված ցանկացած որոշում պարտադիր է կողմերի համար։ «Պետք է նշեմ, որ արբիտրաժները գործում են հատուկ կանոնների համաձայն։ Եթե ուսումնասիրենք Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կանոնները, կտեսնենք, որ ուղղակիորեն նշվում է՝ արբիտրաժի վճիռները, որոնք առնչվում են միջանկյալ հարցերին, ունեն պարտադիր բնույթ և պետք է կատարվեն պետությունների կողմից»,- հավելել է նա։

Այս որոշումը չկատարելը, իրավապաշտպանի խոսքով, իրավական հետևանքներ է առաջ բերելու։ «Սակայն դրանով չի սահմանափակվի։ Այստեղ ռեպուտացիոն բնույթի խնդիր կա»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում