Արտասահմանյան «հովանավորությունը» օգուտ չի տվել աշխարհի ոչ մի երկրի. Սլուցկին՝ Հայաստանին ԱՄՆ-ի օգնության մասին
15 Սեպտեմբերի 2023, 12:09
ԱՄՆ-ի Սենատում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունները անվտանգության ոլորտում Հայաստանին աջակցելու և Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին՝ ուղղված են Անդրկովկասում հակառուսական պլացդարմի ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ավելի վաղ Յուրի Քիմն ասել էր, որ Միացյալ Նահանգները պետք է հնարավորինս ընդլայնի Հայաստանին աջակցությունը զարգացման, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։
«Յուրի Քիմը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է, որ Հայաստանի գործընկերության մասին խոսքը պետք է գնա «ԱՄՆ-ի, ոչ թե Ռուսաստանի հետ»։ Այժմ Վաշինգտոնը պատրաստ է «օգնել» Երևանին՝ ակնհայտորեն երազելով Անդրկովկասում նոր հակառուսական պլացդարմ ստեղծելու մասին»,- նշել է Սլուցկին։
Նա ասել է, որ նմանատիպ օգնություն է առաջարկվել Կիևին։ Այժմ Ուկրաինան վերածվել է ԱՄՆ-ի խամաճիկի՝ կորցնելով իր ինքնիշխանությունը և քաղաքացիներից շատերին։
«Արտասահմանյան «հովանավորությունը» օգուտ չի տվել աշխարհի ոչ մի երկրի՝ բերելով միայն անախորժություններ ու վիշտ, արյուն ու ավերածություններ։ Եվ հենց դրան են, ի վերջո, հանգեցնում ամերիկյան ճանապարհով «գործընկերությունը» և «զարգացման աջակցությունը», — եզրափակել է Լեոնիդ Սլուցկին։