Արտաշես Հայ-Արտյան․ Տաղանդավոր կինոռեժիսորը
27 Հոկտեմբերի 2024, 23:34
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հոկտեմբերի 27-ին կինոռեժիսոր և սցենարիստ Արտաշես Հայ-Արտյանի ծննդյան օրն է։
Հայ-Արտյանը ծնվել է 1899 թվականին Կարսի նահանգի Նախիջևան գյուղում։
1920 թվականին՝ քաղաքացիական պատերազմի սկզբին, զորակոչվել է բանակ։ 1922 թվականին զորացրվելուց հետո Հայ-Արտյանը սովորել է հայկական դրամատիկական ստուդիայում և նույն թվականին ընդունվել Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, որը նա ավարտել է 1927 թ-ին։ Սակայն դրանով չի սահմանափակվել, ավարտել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի բարձրագույն ինստիտուտի երկամյա բարձրագույն ռեժիսորական դասընթացները:
1922-1935 թթ. ապրել է Մոսկվայում, եղել է դերասան, ռեժիսորի օգնական, «Սոյուզկինոյի» (այժմ՝ «Մոսֆիլմ») ռեժիսորը։ 1935թ. աշխատանքի է հրավիրվել «Հայֆիլմ» կինոստուդիա:
1937-ին թողարկել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Կարո»-ն, որի սցենարի համահեղինակն էր: Երեք տարի հետո՝ 1940-ին, էկրան է բարձրանում Հայ-Արտյանի երկրորդ գեղարվեստական աշխատանքը՝ «Մեր կոլխոզի մարդիկ» խորագրով։ Այս ֆիլմից հետո նկարահանում է «Պատվի համար»-ը:
Արտաշես Հայ-Արտյանը կյանքից հեռացել է 1978 թվականին Երևանում։