Արթուր Աբրահամ․ Համաշխարհային բռնցքամարտի «հայ արքան»
20 Փետրվարի 2025, 23:23
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 20-ը հայտնի հայ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ծննդյան օրն է:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականին Երևանում։ 1995 թ-ին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիայի Բամբերգ քաղաք, որտեղ ևս շարունակել է բռնցքամարտով զբաղվել։
Մի քանի անգամ վերադառնալով Հայաստան՝ նա շարունակել է մարզվել՝ ամրապնդելով իր ոգին ու մարմինը: Արթուրը նաև իր պարտքն է կատարել հայրենիքի հանդեպ՝ ծառայելով հայոց բանակում և ստանալով բարձրագույն իրավաբանական կրթություն:
Արթուր Աբրահամի պրոֆեսիոնալ դեբյուտը տեղի է ունեցել 2003 թվականին, երբ նա հանդիպել է գերմանացի բռնցքամարտիկ Ֆրենք Քարի Ռոթի հետ: Այդ մենամարտում նա երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով վճռորոշ հաղթանակ է տարել, ինչը դարձել է նրա կարիերայի վառ մեկնարկը։ Այդ պահից նա ունեցել է 12 անընդմեջ հաղթանակ, որոնցից յուրաքանչյուրը նվաճել է նոկաուտով:
Կարիերայի հաջորդ քայլը նրան տարել է առաջին տիտղոսային մենամարտին՝ WBA վարկածով աշխարհի միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար մենամարտին։ Ավստրալացի Նադեր Համդանի հետ լարված մենամարտում նա 12-րդ ռաունդում կրկին հաղթել է նոկաուտով: Այս տիտղոսը Արթուրը հպարտությամբ պաշտպանել է երեք անգամ՝ ցուցադրելով իր պատրաստվածությունն ու հաղթելու անկոտրում կամքը:
Աբրահամի կարիերան չի սահմանափակվում միայն ռինգով։ Նա ակտիվորեն մեկնաբանական գործունեություն է ծավալում գերմանական ARD հեռուստաալիքում, որտեղ, օրինակ, մեկնաբանել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի լեգենդար մենամարտը ամերիկացի Մոնտի Բարեթի դեմ:
Թեև Արթուրը վաղուց է ապրում Գերմանիայում, բայց հայրենիքի հանդեպ նրա սերը մնում է անփոփոխ: Նա հաճախ է այցելում Հայաստան և անում հնարավորը վերջինիս բարգավաճման և զարգացման համար: