Կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում կամուրջներ չայրել. Արթուր Աթաև

27 Հուլիսի 2024, 00:07

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի եթերում մեկնաբանել է այն լուրերը, թե Կրեմլը հույս է հայտնել, որ Հայաստանը չի ընտրի Կիևի ռեժիմի ուղին։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական և քաղաքական մակարդակում հարաբերությունների սառեցում է նկատվում:

«Ռուս փորձագետների շրջանում Կիևի ռեժիմ է կոչվում Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարման ժամանակաշրջանն ու մեթոդները Նախընտրական քարոզարշավի շրջանակներում նա խիստ ռուսամետ հայտարարություններ էր անում, իսկ հետո հեռացավ ռուսամետ կուրսից և փաստացի դարձավ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդը։ Սա, կարծում եմ, նկատի ունի այնպիսի երևույթ, ինչպիսին Կիևի ռեժիմն է։

Նախագահի վարչակազմի համար, որի մաս է կազմում Պեսկովը, շատ կարևոր է ցույց տալ գործընկերային հարաբերությունների զարգացումը Խորհրդային Միության մաս կազմող պետությունների հետ: Սա այսպիսի ռազմավարական նպատակ է։ Բայց ակնհայտ է, որ ռազմաքաղաքական մակարդակում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում նկատվում է սառեցում։ Եվ, իհարկե, Պեսկովը, որպես ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը, կցանկանար տեսնել Հայաստանի հետ փոխգործակցության ավելի բարենպաստ ռեժիմ»,- ասել է Աթաևը։

Ըստ քաղաքագետի՝ կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում կամուրջներ չայրել, քանի որ հետո այդ հարաբերությունները կարգավորել այլևս չի հաջողվի։

«Դատելով նրանից, որ այժմ բավականին ուժեղ են զարգանում ինտեգրացիոն գործընթացները Եվրոպական Միության և նույնիսկ Միացյալ Նահանգների հետ, Հայաստանի ղեկավարությունն արդեն ձևավորել է իր ռազմավարական գիծը։ Եթե նախկինում, չնայած Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինում բազմավեկտոր կուրս էր հայտարարված, ռուսական ներկայությունը կազմում էր մոտ 70%, իսկ եվրոպականն ու ամերիկյանը՝ 30%, ապա դա փոխվում է ճիշտ հակառակը։

Իսկ ներկա պայմաններում կարևոր է պարիտետի պահպանումը, քանի որ այսօր Փաշինյանի (ՀՀ վարչապետ) քաղաքականությունն է այսպիսին, բայց Փաշինյանը հավերժ չէ։ Իսկ կամուրջները չայրելու համար պետք է բարձր մակարդակի վրա պահել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, քանի որ եթե կամուրջներն այրեն, ապա անկախ նրանից, թե ով կգա Փաշինյանից հետո, այդ հարաբերությունները կարգավորել արդեն չի հաջողվի, ինչպես դա եղավ Ուկրաինայի հետ»,- եզրափակել է Աթաևը։