Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության հատկանիշներով

01 Մայիսի 2025, 17:09

Քաղաքականություն

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Խոսքը ակտիվիստ Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի մասին է:

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ նույն միջադեպի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև չորս այլ անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու հատկանիշներով։ Նրանց թվում է նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում Արթուր Չախոյանին։