Արթուր Չիլինգարով. Մեծանուն բևեռախույզն ու փորձառու քաղաքական գործիչը
25 Սեպտեմբերի 2024, 22:47
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Սեպտեմբերի 25-ին հայկական ծագումով մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, օվկիանոսագետ, Խորհրդային Միության և ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովի ծննդյան օրն է:
Նա աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, եղել է ԽՍՀՄ ջրաօդերևութաբանության կոմիտեի փոխնախագահ,1987 թվականին ղեկավարել է «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավը Հյուսիսային բևեռ։
Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում։ Հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Օսիա։
1963 թվականին Արթուր Չիլինգարովն ավարտել է Լենինգրադի բարձրագույն ճարտարագիտածովային ուսումնարանը՝ օվկիանոսագետի մասնագիտությամբ։
Գիտնականն ուներ արտասովոր նախաձեռնողականություն, կարողանում էր մարդկանց հետ հեշտ շփվել և ուներ կազմակերպչական մեծ ունակություններ, ինչի համար ժամանակին նկատվում և գնահատվում էր։ Չիլինգարովը պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ հիդրոօդերևութաբանության պետական կոմիտեի համակարգում՝ սկսած Ամդերմայի տարածքային բաժնի ղեկավարից մինչև կոմիտեի նախագահի տեղակալ։
Նա նաև Արկտիկայի, Անտարկտիկայի և Համաշխարհային օվկիանոսի գործերի գլխավոր ղեկավարն էր։ Չիլինգարովը եղել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր, նաև նշանակվել է Արկտիկայում և Անտարկտիկայում միջազգային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ։
2007 թվականին «Միր» սուզանավով, այլ հետազոտողների հետ միասին, նա սուզվել է Հյուսիսային բևեռի տարածքում գտնվող Արկտիկական օվկիանոսի հատակը, որտեղ իր թիմի հետ նա տեղադրել է Ռուսաստանի դրոշը:
2013 թվականի հոկտեմբերի 25-ին Չիլինգարովը վառել է օլիմպիական կրակը Հյուսիսային բևեռում՝ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում անձամբ է պարգևատրել Արթուր Չիլինգարովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով։
Արթուր Չիլինգարովը մահացել է 2024 թվականի հունիսի 1-ին։ Ականավոր գիտնականին հուղարկավորել են Մոսկվայում՝ Նովոդեվիչյան գերեզմանոցում: