Արթուր Էլբակյան. Բեղմնավոր ճանապարհ հեռուստատեսությունում ու բեմում

10 Փետրվարի 2025, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 10-ին թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռեժիսոր , դերասան, գրող և պրոդյուսեր Արթուր Էլբակյանի ծննդյան օրն է։

Էլբակյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ Դպրոցական տարիներից լրջորեն զբաղվել է ֆուտբոլով և նույնիսկ հրավեր է ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից, սակայն վնասվածքը և անակնկալ հանդիպումը ԽՍՀՄ ժողովրդական դերասան, բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի հետ շրջադարձային են եղել Արթուրի կյանքում և մասնագիտության ընտրության հարցում։

Ղափլանյանի հրավերով Արթուրը սովորել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից ստուդիաում, այնուհետև ընդունվել է ԽՍՀՄ Ժողովրդական դերասան Խորեն Աբրահամյանի ղեկավարած կուրսը։ 1980 թ. Արթուր Էլբակյանը ավարտել է թատրոնի ստուդիան և որպես դիպլոմային աշխատանք (ռեժիսոր Խ. Աբրահամյան) Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսում խաղում Զիմզիմովի դերը:

Ավարտելուց հետո նա որպես դերասան աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական, Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի), Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում։ 1985-1990 թթ-ին էլ մասնակցել է հեռուստատեսային ներկայացումների։

Էլբակյանը 90-ականներին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը՝ «թատրոնի և կինոյի ռեժիսոր» մասնագիտությամբ։

1990 թվականին հիմնել է իր սեփական «13» թատրոնը, որտեղ եղել է գլխավոր ռեժիսորն ու տնօրենը։ Արթուր Էլբակյանը Հայաստանի hանրային hեռուստատեսությունում ստեղծել և վարել է «Նորին մեծություն թատրոն» և «Ժամադրություն» հաղորդաշարերը հայտնի արտիստների, ռեժիսորների և քաղաքական գործիչների հետ:

1995-1996 թվականներին ՀՀ ժողովրդական արտիստներ Վլադիմիր Մսրյանի, Լևոն Թուխիկյանի և Գուժ Մանուկյանի հետ հիմնադրել է «Թատրոն» հիմնադրամը։ 1996 թվականին Էլբակյանը ստեղծել է Հայաստանում առաջին անկախ հեռուստաալիքը՝ «Ար»-ը, իսկ մինչև 2000 թվականը եղել է դրա տնօրենն ու փոխնախագահը, ինչպես նաև մի քանի հաղորդումների հեղինակ և վարող։

Արթուր Էլբակյանը եղել է Մոսկվայի «Հայկական ռադիո» հումորային ռադիոկայանի գլխավոր պրոդյուսերը, 1998-2000 թթ-ին՝ Հայաստանի ազգային հեռուստատեսության թղթակիցը Ռուսաստանում, որտեղ նաև ստեղծել է հաղորդաշար Ռուսաստանի և Ռուսաստանում հայկական սփյուռքի կյանքի մասին:

2002-2005թթ.եղել է Ռուսաստանում և ԱՊՀ-ում «London & Regional Properties» ներդրումային ընկերության խորհրդատու։

2005 թվականից Արթուր Էլբակյանը նկարահանում է ուսումնական ֆիլմեր տարբեր երկրների և քաղաքների մասին, ինչպիսիք են Իսրայելը, ԱՄՆ-ը, Իտալիան, Լոնդոնը, Փարիզը, Բարսելոնան և այլն։