Արթուր Ջանիբեկյան. Ռուսաստանի գլխավոր մեդիամենեջերը և լավագույն նախագծերի ստեղծողը
29 Փետրվարի 2024, 23:15
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 29-ը հայտնի մեդիամագնատ, «Comedy Club Production»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 48 տարեկան։
Արթուր Ջանիբեկյանը ծնվել է Երևանում, սովորել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։ Բարձրագույն կրթությունը ստացել ԵՊՀ-ի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում:
Նրան դեռ ավելի շատ գրավում էր հումորային ժանրը, և զարմանալի չէ, որ Ջանիբեկյանը ստեղծեց «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի «Նոր հայեր» թիմը (КВН «Новые армяне»), որն մեծ ճանաչում ստացավ 90-ականների վերջին։
«Նոր հայերի» հաղթարշավից հետո Ջանիբեկյանը տեղափոխվեց Մոսկվա և ՈՒՀԱ-ի գործընկերներ Գարիկ Մարտիրոսյանի և Արտաշես Սարգսյանի հետ հիմնեց «Comedy Club» ժամանցային-հումորային նախագիծը, որը դարձավ ռուսական հեռուստատեսության ամենահաջողվածներից մեկը:
Stand-up comedy ժանրի հումորի ձևաչափը շատ արագ սիրվեց հեռուստադիտողի կողմից, և նույնիսկ ամենահայտնի աստղերը երազում էին մտնել Comedy-ի դահլիճ:
Ջանիբեկյանի աշխատանքային գրաֆիկը նախապես պլանավորվում է դեռ մեկ տարի առաջ։ Նա ունի բազմաթիվ նախագծեր և անելիքներ, որոնցից շատ լավ գլուխ է հանում։ Իրականում այն ամենը, ինչ վերահսկում է մեդիամենեջերը, միանշանակ ծաղկում է։
Կառավարչի տաղանդի և ռուսական հեռուստատեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Ջանիբեկյանը երեք անգամ արժանացել է «Ռուսաստանի մեդիամենեջեր» կոչմանը։
«Comedy Club»-ի հաջողությունից հետո տաղանդավոր հայը հիմնադրել է «Comedy Club Production»-ն՝ իրականացնելով այնպիսի հաջողված մեդիանախագծեր, ինչպիսիք են «Танцы без правил», «Убойная лига», «Универ.Новая общага», «Наша Russia», «Comedy Woman», «СашаТаня» և այլն։
2015-ին պրոդյուսերը «Թոփ 1000 ռուս մենեջերների» վարկանիշում հայտնվել է մեդիա բիզնեսի ոլորտի լավագույն ղեկավարների թոփ 5-յակում, նույն թվականին գլխավորել է 4 հեռուստաալիքների միավորումը՝ ТНТ, ТВ-3, «Пятница!» и «2х2»:
Իսկ 2022 թվականի հունվարին Ջանիբեկյանի ստեղծած «Ориджиналс продакшн» կինոընկերությունը հայտնի պրոդյուսեր Վյաչեսլավ Դուսմուխամետովի հետ համագործակցությամբ հավակնում է դառնալ ռուսական կինոարտադրության առաջատարներից մեկը։