Արթուր Սողոմոնյանը՝ Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման կարևորության, պատմական ճշմարտության և Սփյուռքի դերի մասին
24 Ապրիլի 2025, 11:00
Բարերար և գործարար Արթուր Սողոմոնյանը Alpha News-ին տված հարցազրույցում պատմել է հայտնի հայերի և Հայաստանի պատմության մասին պատմական գրքերի հրատարակման, պատմության հետ աշխատելու իր մոտեցման, Հայոց ցեղասպանության մասին հիշողության պահպանման կարևորության, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապի խզման վտանգների մասին:
Նրա խոսքով՝ Ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության մեծագույն ողբերգությունն էր։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ 2023 թվականին, հետևանք էր այն բանի, որ հայ ժողովուրդը դասեր չքաղեց 1915 թվականի ողբերգությունից։
«Ինձ թվում է՝ հային պետք չէ բացատրել, թե դա ինչ է, չէ որ դա ի ծնե մեր արյան մեջ է, դա մեր պատմության ամենամեծ ողբերգությունն է։ Եվ եթե այն չլիներ, մենք կունենայինք բոլորովին այլ Հայաստան, բոլորովին այլ ազգ։ Հայաստանի ողջ պատմությունը բաղկացած էր վերելքներից ու վայրէջքներից։ Հայտնվում էին անհատներ, որոնք իսկապես հզոր էին դարձնում երկիրը, բայց հետո ներքին վեճերը հանգեցնում էին աստիճանական անկման։
Իհարկե, այստեղ հիմնական դերը խաղաց հակամարտությունը, կրոնների տարբերությունը և Օսմանյան Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, որը եկել էր այդ տարածքներ և ամեն կերպ փորձում էր մաքրել այդ պատմությունը։ Բայց նույնիսկ 110 տարի անց, նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք տեսնում ենք, որ այս երևույթները ոչ միայն չեն անհետացել, այլև շարունակվում են։
Ցեղասպանությունն ամենամեծ հանցագործությունն է, որը կարելի է պատկերացնել, և այն ողբերգությունը, որը վերապրել է մեր ժողովուրդը, մի քանի գործոնների միախառնում էր։ Դա ոչ միայն Օսմանյան կայսրության ագրեսիվ քաղաքականությունն էր, այլև մեր ներքին խնդիրները՝ միասնականության բացակայությունը, ներքին տարաձայնությունները, որոնք, ցավոք, առկա են մեր մշակույթում։
Այն, ինչ մենք տեսանք 2020 թվականին, նույնպիսի ցեղասպանություն էր։ Եվ դա տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ մենք դասեր չքաղեցինք, չկարողացանք կանխել այն ամենն, ինչ տեղի ունեցավ։ Կարծում եմ՝ շատ բան կա անելու դասեր քաղելու համար»,- ասել է Արթուր Սողոմոնյանը։
Բարերարը խոսել է նաև իր աջակցությամբ հրատարակվող Հայաստանի պատմության վերաբերյալ գրքերի մասին։ Մասնավորապես, նա անդրադարձել է Գառնիկ Բանյանի գրքին, որտեղ վերջինս պատմում է, թե ինչպես է վերապրել Հայոց ցեղասպանությունը և ապրել թուրքական որբանոցում, որտեղ ցանկանում էին թուրքացնել ողջ մնացած հայ երեխաներին:
«Վերջիններից մեկը Գառնիկ Բանյանի «Հիշողություններ մանկության և որբության մասին. ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը» գիրքն է։ Դա իսկապես շատ ուժեղ գիրք է: Չնայած այն հանգամանքին, որ այն պատմում է դժվար ժամանակների և իրադարձությունների մասին, այն հեշտությամբ ընթերցվում է: Եվ վերջում մնում է կամքի ուժի զգացումը։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս այս գիրքը, և ոչ միայն այն պատճառով, որ ես մասնակցել եմ դրա հրատարակմանը:
Միևնույն ժամանակ, մենք արդեն մի քանի գիրք ենք հրատարակել և նախատեսում ենք 100 գրքերից բաղկացած շարք՝ «Նշանավոր մարդկանց կյանքը», որը հայ մեծերի մասին է։ Այս մատենաշարով արդեն լույս է տեսել երեք գիրք ՝ Հովհաննես Բաղրամյանի, Իսակովի և Լորիս-Մելիքովի մասին։
Կլինի նաև Հայոց ցեղասպանության թեմայով գրքերի շարք։ Իմ կարծիքով՝ ցեղասպանության մասին ամենաուժեղ և մեծագույն գրքերից մեկը Ռայմոնդ Գևորգյանի գիրքն է։ Այժմ նա Ֆրանսիայի գործող նախագահի ազգային հարցերով խորհրդականն է։ Նա գրել է մեծածավալ աշխատանք, որը մենք այժմ խմբագրում ենք։ Առաջիկայում ռուսերենով լույս կտեսնի «Ավարտելով ցեղասպանությունը» գիրքը, որը պատմում է ոչ միայն Ցեղասպանության, այլև դրա հետևանքների մասին: Ինձ թվում է, որ այդ թեմայի մասին ոչ մի կերպ չպետք է լռել, պետք է շարունակել խոսել այդ մասին»,- նշել է Արթուր Սողոմոնյանը։
Բարերարն ընդգծել է, որ պատմական ժառանգության վերաբերյալ իր աշխատանքի հիմքում ընկած է ոչ թե հրապարակախոսությունը՝ հանուն զգացմունքների, այլ խորը հարգանքը հավաստիության, ստուգված փաստերի և արխիվների նկատմամբ։
«Ես հստակ հասկացա, որ պատմությունը դառնում է գիտություն, երբ այն արժանահավատ է և հիմնված է հաստատված փաստերի վրա։ Հակառակ դեպքում, այն վերածվում է փաստարկի, գործիքի՝ գաղափարական պատերազմներում կամ լեգենդներում, ինչը խիստ աղավաղում է այն: Ինձ թվում է, որ գիտությունը, որպես պատմություն, շատ է տուժում դրանից: Հայ ժողովրդի ժառանգությունն այնքան մեծ է, որ դժվար է գտնել նման ժառանգություն ունեցող այլ ազգի»,- նշել է Սողոմոնյանը։
Հայկական ողբերգությունը վերանայելու փորձերի ֆոնին նա հանդես է եկել Ցեղասպանության հիշողության խեղաթյուրման դեմ, հատկապես ժամանակակից քաղաքական միտումների և Թուրքիայի հետ մերձեցման համատեքստում։
«Ցեղասպանությունը հավերժական թեմա է։ Յուրաքանչյուր ընտանիքում, կարծում եմ, կա մեկը, ով տուժել է։ Հիշում եմ, որ Դեմիրճյանը խոսում էր որբանոցում մեծացած, ցեղասպանության ժամանակ ընտանիքը կորցրած իր տատիկի ու պապիկի մասին… Բայց եթե մարդն անտարբեր չէ, ապա ցեղասպանության թեման այնքան բարդ, հուզական և խորն է, որ այն միշտ կմնա Հայաստանի հետ»,- հավելել է Սողոմոնյանը:
Նա մտահոգություն է հայտնե նաև, որ Հայաստանի և Սփյուռքի կապը թուլանում է՝ նշելով, որ հենց Սփյուռքն է միշտ եղել աջակցել հայկական պետության, և այդ կապի կորուստը կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար։
«Եթե կտրենք այդ կապը, լուրջ ռիսկի կդիմենք։ Միևնույն ժամանակ, Հայաստանը միշտ ուժեղ է եղել իր Սփյուռքով։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, ինձ համար անձնական ողբերգություն է, որի հետ ես արթնանում եմ ու քնում՝ չիմանալով ինչ անել։ Ոչ ոք չգիտի հայերի ճշգրիտ թիվը։ Երբեմն, երբ լինում ես այլ երկրում, հանկարծ լսում ես՝«Իմ նախնիները հայեր են»։
Հայերի մոտավորապես երեք քառորդն ապրում է Հայաստանի սահմաններից դուրս, և նրանց մեջ կան բազմաթիվ հաջողակակ և ուժեղ մարդիկ։ Ես հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ մենք կմիավորվենք, և նման հսկայական ռեսուրսի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Շվեյցարիային համարժեք երկիր»,- ընդգծել է Սողոմոնյանը։
Նշենք, որ շուտով Alpha News-ը, համագործակցելով Արթուր Սողոմոնյանի հետ, կմեկնարկի պատմական հաղորդումների շարք տարբեր երկրների և պատմական դարաշրջանների հայտնի հայերի մասին։