Արթուր Խաչիկյան. Ամեն ինչ որոշվելու է Ուկրաինայում
01 Նոյեմբերի 2024, 22:45
Ուկրաինայի ղեկավարությունը, որն առանց այդ էլ շատ մեծ ճնշման տակ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հաղթանակները և առաջխաղացումը, կարող է ստիպված գնալ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Դոնալդ Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը և խաղաղության գնալ։ Սակայն դա չի նշանակում, որ անմիջապես լինելու է, քանի որ այնտեղ կա և՛ Դեպարտամենտը, և՛, այսպես կոչված, խորքային պետությունը և էլիտաները արտաքին քաղաքականության, նրանք կարող են չթողնել, որ դա տեղի ունենա կամ շուտ տեղի ունենա։ Բայց նա իհարկե փորձելու է կանգնեցնել պատերազմը։ Դա նշանակում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը, որն առանց այդ էլ շատ մեծ ճնշման տակ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հաղթանակները և առաջխաղացումը, կարող է ստիպված գնալ կամ խաղաղության պայմանագիր ստորագրելու, որը դժվար կլինի, քանի որ ՌԴ-ն չի ուզում նրա հետ բանակցել, կամ կլինի ինչ-որ փոփոխություն։ Դա կարող է բերել Ուկրաինայում ռեժիմի փոփոխության։
ՌԴ-ն այս պահին առաջ է գնում, և Ուկրաինան որևէ ձևով չի կարող դիմադրել, ես դա ասում եմ որպես մեծ ողբերգություն։ Զոհերի թիվը մոտենում 1 միլիոնին, Ուկրաինայի բնակչության թիվը կիսվել է, և դիմադրողականությունը թուլացել է։ Նրանք էլ են ասում՝ կամ Զելենսկին ստիպված կգնա խաղաղության պայմանագրի, որից հետո կլինի Ուկրաինայի բաժանում, ինչը ուկրաինացիների համար շատ դժվար է ընդունել, կամ պետք է գնան մեծ էսկալացիայի, և Արևմուտքը եթե դիմի այդ քայլին՝ հեռահար հրթիռներով հարձակվելու է ՌԴ-ի խորքում գտնվող թիրախների վրա, դա կարող է հանգեցնել մեծ էսկալացիայի։ Այսինքն՝ կամ լինելու է մեծ էսկալացիա, կամ՝ խաղաղության պայմանագիր և զիջումներ Ուկրաինայի կողմից»,- նշեց Խաչիկյանը։
Հարցին, թե ՌԴ-ն ինչ երաշխիքներ պետք է ունենա, որ գնա խաղաղության պայմանագրի, նա ասաց․
«ՌԴ-ն ասում է՝ մեզ երկու անգամ խաբեցին։ Առաջինը ՆԱՏՕ-ի խաբեությունն էր, որն ակնհայտ խաբեություն էր, Մինսկի պայմանագրերը, Մերկելը բացեիբաց ասաց՝ մենք ուղղակի ժամանակ էին շահում, որ զինենք Ուկրաինային, երրոդ անգամ էլ խաբեցին, երբ ՌԴ-ն Կիևից զորքերը հետ քաշեց, որ բանակցություններ ընթանան, բայց հայտարարվեց՝ պատերազմը պետք է շարունակվի։ Դրանից հետո շատ միամիտ կլիներ ՌԴ-ի կողմից վստահել ինչ-որ պայմանագրի։ Ըստ իս՝ ռուսները կփորձեն վճռական ձևով հաղթել, և որքան հնարավոր է շատ տարածքներ գրավել։ Խերսոնը, Զապորոժիեն պետք է ՌԴ-ի մաս դառնան, հնարավոր է ավելին էլ փորձեն վերցնել, քանի որ Ուկրաինան չի համաձայնում այս տարածքները զիջել»,- եզրափակեց Խաչիկյանը։