Արյունոտ բենզինի՞ համար է ուրախանում նախագահը․ Տիգրան Քոչարյանը՝ Վահագն Խաչատուրյանի հայտարարության մասին
22 Հունվարի 2026, 19:15
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկմանը։ Խաչատուրյանը քննարկման ընթացքում նշել է, որ Երևանում մարդիկ գնում են ադրբեջանական վառելիք, և սա այն իրականությունն է, որում ապրում են հայերը։
Խաչատուրյանն անդրադարձել է նաև խաղաղության գործընթացին և նշել․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին և մեր վարչապետին այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է։ Նպատակը մեկն է եղել՝ խաղաղությունը»։
Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը, մեկնաբանելով նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունները, նշել է․
«Խայտառակ տեսարան էր։ Տպավորություն էր՝ պարոն Խաչատուրյանն իրեն հազիվ էր զսպում, որ ամեն անգամ Ալիևին տեսնելուց ոտքի չկանգնի, տպավորություն էր, որ իր դիմաց ոչ թե նստած է այլ երկրի նախագահ, այլ երկար տարիների հովանավոր Խաչատուր Սուքիասյանը։ Այդպիսի քստմնելի մոտեցում, ինչպիսին ցուցաբերում էր Վահագն Խաչատուրյանը Ալիևի հանդեպ, ուղղակի զզվելի էր։
Շատ լավ է, որ ադրբեջանական բենզին է վաճառում, բայց ինչի՞ հաշվին։ Նրա հաշվին, որ Արցա՞խ է կորցրել, որ 150 հազար արցախցի անտուն, անհայրենի՞ք է մնացել, որ հազարավոր զոհեր ենք ունեցել Արցախյան գոյամարտում, իսկ հիմա Արցախը չկա՞։ Այդ արյունոտ բենզինի՞ համար է ուրախանում Վահագն Խաչատուրյանը»։
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ իրեն ինքնիշխան ներկայացնող երկրի նախագահը չպետք է այդպիսի վերաբերմունք ցուցաբերի այլ երկրի ղեկավարի հանդեպ։
«Այնպիսի տպավորություն էր, որ ՀՀ վարչապետն Իլհամ Ալիևն էր, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Մեր նախագահն ավելի լավ է գնա թաղումների ժամանակ սելֆի անի, քան գնա այդպիսի հանդիպումների»,- եզրափակել է Տիգրան Քոչարյանը։