Ասատուր Սարաֆյան․ Ավտոմատ փոխանցման տուփի ստեղծողը

06 Հունվարի 2024, 21:07

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ասատուր Սարաֆյանը, ով աշխարհին առավել հայտնի է որպես գյուտարար Օսկար Բենքեր, համարվում է Միացյալ Նահանգների ամենաբեղուն գյուտարարներից մեկը:

Ծնվել է 1895 թվականին Օսմանյան կայսրությունում։ Սարաֆյանների ընտանիքը փրկվել է 1894-1896 թվականներին Համիդի օրոք հայերի զանգվածային սպանություններից, ապա տեղափոխվել Չիկագո (ԱՄՆ): Այնտեղ Ասատուր Սարաֆյանը փոխել է անունը՝ դառնալով Օսկար Բենքեր և աշխատանքի անցել արվեստանոցում։ Աշխատելով մեխանիկական խանութում՝ Բենքերը հորինել է սղոցի մեքենան։

Իր առաջին գյուտից հետո նա իր կյանքը նվիրել է գյուտարարական գործունեությանը։ Հեղափոխական նշանակություն ունեցող նրա գյուտերի ցանկը ներառում են այնպիսի գյուտեր, ինչպիսիք են գունավոր տպիչը, բենզինի պոմպը, մասերի յուղման ներարկիչ ատրճանակը, մեքենայական յուղի հաշվիչը:

Իր գյուտի հեղինակությունը՝ առաջին ավտոմատ փոխանցումով տուփը, որն օգտագործվում է մինչ օրս մեքենաների և ավտոբուսների համար (արտոնագրվել է 1935 թվականին), Բենքերը պաշտպանել է գրեթե 8 տարի՝ պայքարելով ավտոարտադրող ընկերությունների դեմ: Արդյունքում, նրա առաջարկն ընդունել է «General Motors» ընկերությունը, որը մինչ այդ ավտոմեքենաների մեջ բազմաթիվ թերություններով կիսաավտոմատ տրանսմիսիա էր դնում։

Օսկար-Ասատուրը հորինել է ուղղաթիռների առաջին սերնդի առաջնային հսկողության համակարգը (Սիկորսկի ուղղաթիռ)։ Սարաֆյանի դիզայնի շնորհիվ ամերիկյան ուղղաթիռները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խաղաղ օվկիանոսում ռազմական գործողությունների ժամանակ փրկել են ավելի քան 20 000 զինծառայողի կյանք:

1969 թ-ին փայլուն և տաղանդավոր գյուտարարն ու ինժեները, որի գյուտերը օգուտ են բերել ավտոմոբիլային արդյունաբերությանը, արժանացել է գերազանցության մրցանակի և ընդգրկվել ԱՄՆ ավտոմոբիլային Փառքի սրահում:

Ասատուր Սարաֆյանը մահացել է ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում, 1979 թվականի հունվարին, 83 տարեկան հասակում: