Աշակերտներ չունենալու պատճառով Եթովպիայում փակվել է հայկական դպրոցը. Նալբանդյան
20 Մայիսի 2025, 19:40
Եթովպիայում հայկական դպրոցը գործել է մինչև 2000 թվականը, դրանից հետո այն վերածվել է միջազգային դպրոցի: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշել է Եթովպիայի հայ համայնքի անդամ Վարդգես Նալբանդյանը:
«Հայաստանի և Եթովպիայի հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Առաջին բանը, որ մենք այստեղ ծանոթացնում ենք Հայաստանից եկած մեր հայրենակիցներին, Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը նվիրատվություն է մեր հայ համայնքին, դրանից հետո դպրոցի և ակումբի շենքերը: Եթովպիայում հայկական դպրոցը գործել է մինչև 2000 թվականը, դրանից հետո այն վերածվել է միջազգային դպրոցի:
Այդ ժամանակ այնտեղ ընդամենը 7 հայ աշակերտ էր սովորում, իսկ արդեն 2020 թվականին դպրոցն ամբողջությամբ փակվեց: Այստեղի հայ համայնքը շատ փոքրաթիվ է՝ մոտ 100 հոգի: Վերջին տարիներին լույս աշխարհ եկած երեխաները գրեթե հայերեն չգիտեն, միայն մեծահասակներն են խոսում, մայրենի լեզուն սովորելու հետաքրքրությունը մարել է»,- պատմել է Նալբանդյանը:
Խոսելով համայնքի գործունեության մասին՝ նա նշել է. «Հայերից երկուսը բժիշկ են, նրանցից մեկը մանկաբույժ է, մյուսն՝ ատամնաբույժ: Մյուսներն առևտրով են զբաղվում»: