Աշնանային նոր եթերաշրջան՝ Alpha News-ում. տեսանյութ

01 Սեպտեմբերի 2023, 17:00

Հայեր

Աշնանային նոր եթերաշրջան՝ Alpha News-ում

Սեպտեմբերի 4-ից մեկնարկելու է Alpha News-ի նոր եթերաշրջանը:

Alpha News-ը հանդես է գալու նոր ու բացառիկ նախագծերով, լինելու է լրատվության նոր ձեւաչափ՝ համահայկական տեղեկատվական ցանցում:

Alpha News-ի նոր նախագծերի մասին

  • Հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն իր «7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից» փաստավավերագրական շարքում ներկայացնելու է հայ ժողովրդի պատմության այն էջերը, որոնք շարունակում են անհայտ մնալ շատերի համար: Մինչդեռ, դրանք այնպիսի մարդիկ են, որոնց կյանքն ու ճակատագիրը չպետք է մոռացության մատնել:
  • Անիմացիոն տարբերակով եւ ռուսերենով ներկայացվելու է պատմական դիմանկարների եւս մեկ շարք: Դրանք կարճ ու բովանդակալից պատմություններ են այն հռչակավոր հայերի մասին, որոնք բեկել են պատմության ընթացքը եւ որոնց ճանաչում են ամբողջ աշխարհում:
  • Աշխարհի տարբեր երկրների, ինչպես նաեւ Հայաստանի տաղանդավոր հայերը կպատմեն իրենց հայկական էթնիկ կոդի մասին. ինչպե՞ս են հաջողության հասել, պահանջված դարձել, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։
  • Չկա ավելի բարդ մի բան, քան պարզ ճշմարտությունն է։ Համանուն պոդքաստի հեղինակ Վիկտոր Սողոմոնյանը Մարիաննա Ղահրամանյանի օգնությամբ կանդրադառնա մեր հասարակությանը հուզող ամենակարեւոր այն հարցերին, որոնց մասին, սակայն, խոսելն այնքան էլ ընդունված չէ:
  • «Ալտեր Էգո» նախագծի հյուրերը հանրահայտ մարդիկ կլինեն, որոնց միավորում է սերը Հայաստանի հանդեպ։ Նույնիսկ եթե նրանք հայեր չեն։ Ինչպե՞ս են համակցվում զգացմունքները մարդու հոգում հայրենիքի եւ մեկ այլ, ոչ հայրենի, բայց հարազատ դարձած երկրի նկատմամբ՝ կպարզի Նոննա Համբարձումյանը։

Բացառիկ նախագիծ՝ Alpha News-ի նոր եթերաշրջանում

  • Մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները դպրոցական արդի դասագրքերից՝ աուդիոգրքի տարբերակով։ Բարձրորակ եւ ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունները կօգնեն աշխարհի որեւէ երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար եւ հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։

Աշնանային եթերաշրջանում Alpha News-ի լրատվական հաղորդումը կընդլայնվի:

Ամեն աշխատանքային օր՝ ժամը 21:00-ին, Alpha News-ի յութուբյան եւ ֆեյսբուքյան ալիքներում կարող եք հետեւել օրվա լրահոսի գլխավոր լուրերին:

Alpha News-ի՝ Երեւանի, Մոսկվայի եւ Լոս Անջելեսի կենտրոնական խմբագրությունների լրագրողներն ու աշխարհի այլ քաղաքների մեր գործընկերները կպատմեն ձեզ օրվա եւ շաբաթվա այն իրադարձությունների մասին, որոնք իսկապես կարեւոր են հայության համար։