Աշոտ Մինասյանի կալանավորումը կապված է 2020թ-ի քրեական գործի հետ․ փաստաբան
24 Դեկտեմբերի 2025, 13:10
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորումը նոր քրեական գործի հետ կապ չունի։ Այդ մասին AlphaNews-ին հայտնել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։
«Լրացուցիչ բան չունենք ասելու։ Այն, ինչ տարածվել է, դա է»,-նշել է փաստաբանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է 2020 թվականին հարուցված քրեական գործին, որի շրջանակում կայացվել են ակնհայտ ապօրինի դատական ակտեր։
Պողոսյանի գնահատմամբ՝ պետության կողմից դատավորներին տրված հրահանգների արդյունքում Աշոտ Մինասյանը պատիժը կրելու համար դեռևս 2020 թվականի գործի շրջանակում ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ։
Փաստաբանն այլ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ բոլոր հարցերին կպատասխանի սպասվող ասուլիսի ընթացքում։
Նշենք, որ Երեկ երեկոյան Աշոտ Երկաթին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, այնուհետև՝ կալանավորել և տեղափոխել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը Աշոտ Մինասյանին դատապարտել էր 1 տարի 10 ամիս 3 օր ազատազրկման։ Նա մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։