Աշոտ Փաշինյանին ստիպե՞լ են, թե՞ նա իր կամքով է նստել զոհված զինվորի մոր մեքենան

18 Մայիսի 2023, 17:25

Կարծիք

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որը երեկ ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու փորձի հիմքով, շարունակում է մնալ ձերբակալվածի կարգավիճակում:

«Անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում, որի արդյունքներից ելնելով կորոշվի քրեական հետապնդում հարուցելու կամ չհարուցելու հարցը: Միայն դրանից հետո կորոշվի խափանման միջոց կիրառելու հարցը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Աշոտ Փաշինյանին առեւանգելու փորձի մասին նախօրեին հայտնել էր վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը, ըստ որի՝ պատերազմում զոհված զինվորների հարազատները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, բայց մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել հետեւից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը:

Զոհված զինվորների ծնողների նկարած կադրերից երեւում էր, սակայն, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը համաձայնել նստել մեքենան եւ զրուցել Գայանե Հակոբյանի հետ:

Աշոտ Փաշինյանն իր առեւանգելու փորձի առթիվ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, ապա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մարդուն առեւանգելու հատկանիշներով:

Լրատվամիջոցների հետ զրույցում զոհված զինվորների հարազատները պատմել են, որ իրենք չեն առեւանգել Աշոտ Փաշինյանին, այլ միայն առաջարկել են նրան գնալ «Եռաբլուր», որ տեսնի, թե ինչ են արել իր ծնողները, իսկ Աշոտն էլ համաձայնել է:

Աշոտ Փաշինյանին առեւանգելու փորձի հիմքով ձերբակալվել էր չորս ծնող, ապա նրանցից երեքն ազատ են արձակվել:

Ի աջակցություն ձերբակալված կնոջ՝ ոստիկանության եւ քննչական բաժինների դիմաց նախօրեին մարդիկ էին հավաքվել, որտեղից էլ Գայանե Հակոբյանին պետք է տեղափոխեին Ձերբակալվածների պահման վայր:

Կեսգիշերն անց, սակայն, Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ժամեր անց էլ՝ ՁՊՎ:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեկ ավարտվել է Գայանե Հակոբյանի հարցաքննությունը, այսօր սպասվում է Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի առերեսումը: Փաստաբանի խոսքով՝ ձերբակալությունը իրավաչափ չէ, քանի որ առեւանգում տեղի չի ունեցել:

«Արդյոք հնարավոր է առեւանգում տեսնել մի իրավիճակում, երբ մեքենա վարող կինը միջին կազմվածքով է, իսկ տղամարդն էլ՝ ամրակազմ: Այնպիսի գործողություն, թե իբր դուռը փորձել են բացել՝ չի եղել: Էդ ինչ պետք է արվեր, որ Աշոտ Փաշինյանը հիմք է ունեցել մտածելու, որ ինքը ազատությունից զրկված է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը: