Աշոտ Սարկիսով. Պատերազմի հերոս և հանճարեղ գիտնական, ով փոխեց ատոմային էներգետիկայի ապագան
30 Հունվարի 2025, 23:55

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունվարի 30-ին լրանում է լեգենդար ռազմական գործիչ, փոխծովակալ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և գիտնական Աշոտ Սարկիսովի ծննդյան 101-ամյակը:
Աշոտ Առաքելի Սարկիսովը ծնվել է 1924թ. ՏաշքենդումՇուշիից գաղթածների ընտանիքում: 1915 թվականին նրա հայրը՝ Առաքել Ավանեսովիչը և մայրը
Եվգենիա Բոգդանովնան ստիպված են եղել լքել հայրենի տունը Ղարաբաղում սրված իրավիճակի պատճառով, երբ կովկասյան թաթարները մի շարք բռնություններ են իրականացրել հայերի նկատմամբ։
Սարկիսովը գիտնական է, ռազմական գործիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, փոխծովակալ, «Գլոբալ էներգիա» միջազգային էներգետիկ մրցանակի դափնեկիր, գիտության և տեխնիկայի ոլորտում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ոսկե մեդալով, ռազմածովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է, Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ճարտարագիտական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր:
Սարկիսովը նշանավոր անձնավորություն է, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ով 1941 թվականին կամավոր միացել է Կարմիր բանակի շարքերին: Նա մարտնչել է Կարելական ռազմաճակատում, մասնակցել է Խորհրդային Արկտիկայի և Նորվեգիայի քաղաքների ազատագրմանը։ Պատերազմի ավարտից հետո, սովորելով բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանում և Լենինգրադի համալսարանում՝ Սարկիսովը ինժեներ-մեխանիկից անցել է ռազմածովային նավատորմի գիտատեխնիկական կոմիտեի նախագահի աշխատանքին։
Ակադեմիկոս Սարկիսովն իր կյանքի զգալի մասը նվիրել է գիտությանը։ 1968 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ մեկ տարի անց արժանացել պրոֆեսորի կոչման։ 1981 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1994 թվականին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Նա դարձել է համաշխարհային հեղինակություն ատոմային էներգիայի ոլորտում՝ զգալի ներդրում ունենալով միջուկային կայանների կյանքի ցիկլի բոլոր փուլերում ատոմային էներգիայի օգտագործման հուսալիության, անվտանգության և արդյունավետության խնդիրների լուծման գործում:
Աշոտ Սարկիսովն արժանացել է բազմաթիվ շքանշանների և մեդալների, այդ թվում՝ Կարմիր աստղի 3, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, «Պատվո նշան», Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշաններով։
Աշոտ Սարկիսովը կյանքից հեռացել է 2022 թվականի հոկտեմբերի 17-ին։