Աշխարհագրությունը դատավճիռ չէ, աշխարհագրությունը ճակատագիր է. Անդրեյ Արեշև

26 Նոյեմբերի 2025, 12:54

Քաղաքականություն

Աշխարհագրությունը դատավճիռ չէ, աշխարհագրությունը ճակատագիր է: Այս մասին «Եվրասիա-Հայաստան» փորձագիտական հարթակում «Նոր աշխարհակարգը և Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը» թեմայով քննարկման ժամանակ ասել է ռուս փորձագետ, քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակը։

«Կսկսեմ Վալդայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից մեջբերմամբ. «Չեմ ժխտի, որ այժմ միաձայնություն չկա այն հարցում, թե ինչպես պետք է կառուցել աշխարհը, ինչ սկզբունքների վրա պետք է այն հիմնվի առաջիկա տարիներին ու տասնամյակներում։ Հայտնի չէ, թե երբ վերջնականապես կձևավորվի նոր կայուն համակարգը, դրա հիմնակմախքը։ Պետք է պատրաստ լինել, որ երկար ժամանակ սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումը կունենա դժվար կանխատեսելի, իսկ երբեմն էլ՝ բավականին նյարդային բնույթ»։

Կարծում եմ, որ իսկապես դժվար ժամանակներ են։ Սկսվել է կարդինալ տրանսֆորմացիայի գործընթաց, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում։ Դուք գիտեք, որ շատ քաղաքագետներ, այդ թվում՝ Հայաստանում, խոսում են հետխորհրդային տարածքի ավարտի մասին՝ որպես որոշակի աշխարհաքաղաքական, քաղաքակրթական կառուցվածք։ Եվ զարմանալի չէ, որ ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ Հարավային Կովկասը, նախկին խորհրդային Անդրկովկասը, ավելի ու ավելի է սկսում ձգվել դեպի Մերձավոր Արեւելք, նրա սոցիալական, քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացներին՝ այդ տարածաշրջանին բնորոշ առանձնահատկություններով»,- նշել է Արեշևը։

Իսկ այս ֆոնին, ըստ նրա, արևմտյան ուժերի, կառույցների միջամտությունն այդ վերակառուցման գործընթացին, որն հայտնի չէ, թե ինչպես կավարտվի, երբ կավարտվի և կավարտվի արդյոք ընդհանրապես, լրացուցիչ քաոս և լրացուցիչ տուրբուլենտություն է ստեղծում։