Աշխարհասփյուռ հայերը պարտավոր են պահպանել ազգային ինքնությունը, մշակութային և հոգևոր արժեքները․ Աշոտ Գեղամյան

19 Սեպտեմբերի 2024, 21:50

Մշակույթ

Սարյան մշակութային կենտրոնը ծառայում է ազգային ինքնության, մշակությաին և հոգևոր արժեքների պահպանմանը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է կենտրոնի հիմնադիր Աշոտ Գեղամյանը։

«Ապրելով Նահանգներում ընդհանրապես ամբողջ աշխարհով մեկ սփռված հայությունը պարտավոր է, և ես ինքս շատ կարևորում եմ, որ պահպանենք մեր ազգային ինքնությունը, մշակութային և հոգևոր արժեքները։ Պետք է ասեմ, որ հենց այս կենտրոնի կառուցումը ծառայում է այդ նպատակին և հենց այս գիտակցության բերումով է այս ամենը կառուցվել։ Սարյան մշակութային կենտրոնը իր մեջ ներառում է Կոմիտաս կրթական կենտրոն, երաժշտական կրթահամալիր և պատկերասրահ, որտեղ պարբերաբար ցուցադրվում են հայ նկարիչների լավագույն աշխատանքները»,- նշել է Գեղամյանը։

Նա բոլորին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 21-ին կայանալիք համերգային ծրագրին, որտեղ կհնչի հայկական երաժշտություն։

«Բոլորին սեպտեմբերի 21-ին հրավիրում եմ մասնակցելու մեր ձեռնարկին, կունենանք համերգային ծրագիր, ելույթ կունենան համայնքում ստեղծագործող մեր երաժիշտները, կհնչի մեր Ադանան, Արիզոնայից հրավիրել ենք նաև Դանիել Դեքերին, ով կմասնակցի այդ հանդիսությանը, կնհչի հայկական քանոն, կլինի Լուսինե Միրզախանյանի և Հարությունի դուետը, կհնչեն կոմիտասյան կատարումներ, և անպայման մասնակցություն կունենան նաև մեր դպրոցի սաները։ Բացի այդ, հնարավորություն կունենանք դիտելու մեր լավագույն գեղանկարիչների՝ Ռազմիկ Սամվելցի և Տիգրան Հուռումյանի աշխատանքները»,- եզրափակել է Գեղամյանը։