Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաներն այցելել են նահատակ հերոսների ընտանիքներին

08 Հունիսի 2023, 09:25

Հայեր

Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները ավարտել են իրենց առաքելությունը սահմանը լուռ հսկող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Տավուշի թեմից հայտնում են, որ վարդապետներ և աբեղաներ են միաբանվել ոչ միայն Մայր Աթոռից և թեմերից, այլև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Գերված Արցախ աշխարհից եկել է Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։

Այսօր առավոտյան Մայր Աթոռից ժամանած միաբաններ Իջևանի շատրվանների հրապարակում Անդաստանի կարգ են կատարել, այնուհետև, խմբերի բաժանվելով, այցելել մեր նահատակ հերոսների ընտանիքներին։

Երեկոյան բոլորը կրկին միաբանվել են․ երեկոյան ժամերգություն և հոգու խաղաղության համար աղոթք է կատարվել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է. 

«Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռիս զինվորյալ միաբաններն այսօր Սուրբ Էջմիածնի առաքելությունը՝ որպես օրհնություն և զորություն բաշխեցին Տավուշի տիրախնամ թեմի սահմանամերձ շեների հայրենապահ և աստվածապաշտ հայորդյաց:

Երջանիկ պատեհությունն ունեցա այդ առիթով, միաբանակից եղբորս՝ Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանի հետ, լինելու Կոթի գյուղում:

Որքա՜ն տնավեր է Հայոց աշխարհը…

Թող Ամենազոր Աստված անսասան պահի Հայրենի մեր երկիրը և Հայոց Մեծ ազգին:
Թող Աստված օրհնի մեր Սրբազան Երկիրն այնպիսի ղեկավարներով, պաշտոնյաներով, ովքեր անձնուրաց կերպով ծաղկեցնեն ու հզորացնեն Հայաստան աշխարհը, ինչպես հայ հոգևորականն է անձնազոհաբար կենդանի պահում հայ ոգին, հոգին, հավատքը»։ 

Հիմա եթերում