Աշխարհի բոլոր կողմերից Արցախի հետ ենք. Անի Ղազարյան

04 Սեպտեմբերի 2023, 22:10

Քաղաքականություն

Սեպտեմբերի 2-ի մեր հանրահավաքը պլանավորել էինք «որտեղ հայ կա, այդտեղ լինելու է ցույց» տրամաբանությամբ։ Մենք Արցախի ժողովրդին ցույց տվինք, որ աշխարհի բոլոր կողմերից իրենց հետ ենք ու պատրաստ ենք պայքարել մինչև հաղթանակ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Հայ երիտասարդական դաշնակցության ատենապետ Անի Ղազարյանը։

«Մեր գլխավոր պահանջն այն է, որ Բայդենը իր ուժերով կանգնեցնի Արցախի շրջափակումը։ ԱՄՆ-ն, որպես պետություն, շատ մեծ ուժ ունի։ Արդեն բավականին շատ են լռել, բնավ, չեն խոսել, թուղթ գրելը կամ հարցազրույց տալը բավական չէ, պետք է Արցախին սնունդ ուղարկել։ Արցախցիները ոչ մի բան չունեն, սովի մեջ են ապրում։ Մեր առաջին պահանջն այն է, որ ԱՄՆ-ն հումանիտար օգնություն ուղարկի Արցախ։

Ինչպես ուկրաինական պատերազմում Ռուսաստանի նկատմամբ սանկցիա կիրառեցին, նույնն էլ պահանջում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառեն»,- ասել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ երիտասարդությունը ամենաուժեղ մասն է ու հուսով են, որ այս ակցիաները տեղ կհասնեն։

«Նշեմ, որ այս ակցիաները միայն ԱՄՆ-ում չեն, սա համաշխարհային արշավ է, որ տեղի է ունենում տարբեր երկրներում։ Մենք՝ որպես երիտասարդներ, որոշել ենք, որ պայքարելու ենք մինչև վերջ։ Սեպտեմբերի 2-ի մեր հանրահավաքը այսպես էինք պլանավորել․ որտեղ հայ կա, այդտեղ լինելու է ցույց։ Մենք Արցախի ժողովրդին ցույց տվինք, որ աշխարհի բոլոր կողմերից իրենց հետ ենք ու պատրաստ ենք պայքարել մինչև հաղթանակ»,- նշել է Անի Ղազարյանը։

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը եղել է իրենց կազմակերպած ամենամեծ հավաքը։ Անի Ղազարյանը նշել է՝ մի քանի ակցիա անելով չեն բավարարվելու․

«Անցած շաբաթվա հանրահավաքը մեր առաջին մեծ հանրահավաքն էր Արցախի համար։ Դրանից առաջ քայլարշավ էինք արել Ադրբեջանի դեսպանատնից մինչև Սպիտակ տան դիմաց, մոմավառություն ենք կազմակերպել մեր զինվորների համար։ Մենք միայն մի ցույց անելով չենք կանգնելու, շարունակելու ենք, սեպտեմբերը շատ կարևոր ամիս է, սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է, մենք ուզեցինք, որն հենց այդ օրվանից մեր շարժումը սկսի։ Ուզում ենք մի բան անել, որ Արցախի ժողովրդին փրկենք»,- եզրափակել է Անի Ղազարանը։