Աշխարհին լավ բան չի սպասվում. քաղաքագետ Դանիլա Գուրեևը՝ Իրանի շուրջ հնարավոր էսկալացիայի մասին
25 Փետրվարի 2026, 21:45
Քաղաքագետ Դանիլա Գուրեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրացումը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։
«Հարցը բավականին բարդ է, որովհետև, ցավոք, չկա բյուրեղյա գունդ՝ կանխատեսելու, թե այնտեղ իրականում ինչ կլինի: Եթե մենք նայենք ամերիկյան ներկայիս վարչակազմի և Իրանի միջև հարաբերություններին, ապա այստեղ, այնուամենայնիվ, չպետք է կարծել, թե քիչ բան կփոխվի: Համաշխարհային գերիշխանության պահպանման որոշակի ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ն իսկապես փորձում է արմատախիլ անել բոլոր քիչ թե շատ նշանակալի աշխարհաքաղաքական հակառակորդներին, և Իրանն այս հարցում միշտ եղել է թիվ մեկ թիրախը:
Դեռևս Իրաքի պատերազմի ժամանակներից, դեռևս Մերձավոր Արևելքի ողջ տարածքում «գունավոր հեղափոխություններ» սանձազերծելու ժամանակներից, Իրանը մնացել է գլխավոր թիրախը: Ինչո՞ւ, քանի որ Իրանն ունի նավթի բավականին մեծ պաշարներ: Երկրորդ՝ Իրանն ունի չափազանց շահավետ աշխարհագրական դիրք: Երրորդ՝ ԱՄՆ-ը կցանկանար այնտեղ տեսնել ավելի լոյալ ռեժիմ, ինչպես, օրինակ, Սաուդյան Արաբիայում է:
Բայց, մյուս կողմից, Իրանը աշխարհաքաղաքականության տեսանկյունից թերևս ամենածանր պետությունն է ԱՄՆ-ի համար․ Ա) Տարածքով մեծ պետություն է, Բ) Այնտեղ հեշտ վայէջք կատարել (ներխուժել), ինչպես դա ստացվեց Վենեսուելայում, չի հաջողվի, Գ) Իրանը նույնիսկ հրթիռային սպառազինության հարցում պատասխանելու միջոցներ ունի։ Հետևաբար, մի կողմից մենք հասկանում ենք Դոնալդ Թրամփի աշխարհաքաղաքական ձգտումները Իրանում ռեժիմի վերացման ուղղությամբ:
Մյուս կողմից, պետք է հասկանալ, որ Թրամփը հաճախ օգտագործում է վախեցնելու մարտավարությունը. նա ստեղծում է ռազմական լարվածություն՝ ստիպելով հակառակորդին ընդունել ԱՄՆ-ի պայմանները, որպեսզի հարթի հակամարտությունը և ստանա արդյունք առանց լուրջ ջանքերի: Այս համատեքստում կարող է լինել ամեն ինչ՝ ինչպես աշխարհաքաղաքական ճնշում, այնպես էլ մարտական գործողություններ վարելու ուղղակի պատրաստակամություն մինչև հաղթական ավարտը»,- ընդգծել է Գուրեևը:
Նրա կարծիքով՝ թեև Հարավային Կովկասը գտնվում է ենթադրյալ իրադարձությունների էպիկենտրոնից հեռու, այնուամենայնիվ, Իրանում հակամարտության ակտիվացումը կարող է որոշ չափով ազդել տնտեսական և քաղաքական գործընթացների վրա։