Աշխարհում գեթ մեկ հայ չկա, որ կասկածի տակ կդնի Ցեղասպանությունը՝ բացառությամբ Փաշինյանի ու իր գործընկերների. Մուրադ Փափազյան

29 Հունվարի 2025, 23:10

Քաղաքականություն

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը Alpha News-ի հետ զրույցում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունները: Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը կասկածի տակ էր դրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը։

«Փաշինյանը գրեթե 7 տարի ճիգեր է գործադրում տկարացնելու հայկական կողմին: Սա անհասկանալի է և պետք է ասել, որ ինքը դա անում է փայլուն ձևով՝ Հայաստանը, Սփյուռքը տկարացնելով այնպես, ինչպես արեց Արցախի դեպքում»,- ասել է մեր զրուցակիցն ու հիշեցրել, որ որոշ ժամանակ առաջ էլ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն էր այդպիսի հայտարարություններ արել՝ կասկածի տակ առնելով 1915թ-ի հայ ժողովրդի ողբերգությունը:

«Հիշու՞մ եք՝ մի որոշ ժամանակ առաջ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ «մենք պետք է հաշվենք զոհերի թիվը, կարող է 1,5 միլիոնից ավելի շատ է կամ քիչ»: Սա նշան էր, որ հարցականի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը: Սա համաձայնեցված քաղաքականություն է Էրդողանի հետ, ինչպես Արցախի հարցն էր համաձայնեցված Ալիևի հետ»,- ընդգծել է Մուրադ Փափազյանը:

Նա այս ամեն ինչին հավելել է նաև Սահմանադրության ու Անկախության հռչակագրի հարցերը, որոնց փոփոխության մասին խոսում են միայն Ալիևը, Էրդողանը, ապա նրանց հաջորդում է Փաշինյանը: Փափազյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում բացի Փաշինյանից ուրիշ հայ չկա, որ կասկածի տակ կարող է դնել Հայոց ցեղասպանությունը:

«Այս ընդհանուր հայտարարություններին կարող ենք ավելացնել նաև Սահմանադրության հարցը: Փաշինյանն ուզում է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ: Երբ Փաշինյանը հարցականի տակ է դնում ու քննադատում Անկախության հռչակագիրը, երբ տեսնում ենք, որ Փաշինյանը չի պաշտպանում Հայաստանի սահմանները՝ 2021-ից ի վեր, Հայաստանի ինքնիշխան տարածքից ունենք օկուպացված տարածքներ ու երբ տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է տկարացնել հայկական Սփյուռքը, եզրակացնում ենք, որ հենց դա է իր առաքելությունը: Աշխարհում գեթ մեկ հայ չկա, որ հարցականի տակ կդնի Ցեղասպանությունը, չկա, չեք կարող գտնել այդպիսի մեկին՝ բացառությամբ Փաշինյանի ու իր գործընկերների»,- եզրափակել է Մուրադ Փափազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։