Աշխարհում ընդհանուր կարգավորումը բարենպաստ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի վրա. Կոնստանտին Տասից
17 Փետրվարի 2025, 22:30
Ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի սկիզբը և այդ բանակցությունների հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև երկխոսության սկիզբը հուսադրող է, քանի որ այն հիմնված է իրավահավասարության վրա, և հենց շփման և տեսակետներ լսելու փաստը հնարավորությունների պատուհան է բացում հակամարտության դիվանագիտական կամ քաղաքական կարգավորման համար (Ուկրաինայում)»,- կարծում է փորձագետը։
Տասիցի խոսքով՝ թեև Անդրկովկասը Թրամփի վարչակազմի համար քաղաքական առաջնահերթություն չէ, սակայն աշխարհում հակամարտությունների ընդհանուր կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, առաջին հերթին, մենք տեսնում ենք, որ այդ տարածաշրջանը ԱՄՆ-ի համար առաջնահերթությունների շարքում չէ։ Այսինքն՝ այդ իմաստով նման անմիջական ազդեցություն դեռ չի լինի։ Մենք տեսնում ենք, որ Թրամփն առաջին հերթին ուշադրություն է դարձնում ուկրաինական հակամարտությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Նա, հավանաբար, ինչ-որ գաղափարներ ունի Չինաստանի հետ հարաբերություններ կառուցելու, Թայվանի խնդրի լուծման վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այստեղ դեռ որևէ նախաձեռնություն կամ կտրուկ շարժում չի նկատվում, բայց ակնհայտ է, որ ինչ-որ ընդհանուր կարգավորումը պետք է բարենպաստ ազդեցություն ունենա։ Այսինքն՝ որոշ հակամարտություններ կամ հակասություններ, որոնք տարածվում են բոլոր տարածաշրջաններում, պետք է մեղմվեն։ Սա պետք է հնարավորություն տա, ի թիվս այլ բաների, լուծել որոշ խնդիրներ Հարավային Կովկասում»,- ընդգծել է Alpha News-ի զրուցակիցը։
Փորձագետի կարծիքով՝ Դոնալդ Թրամփի համար առանցքային հարցերից մեկը լինելու է Իրանը, և Իրանի շուրջ իրավիճակի հանգուցալուծման մեջ կարող են ներքաշվել կովկասյան հանրապետությունները։
«Ինձ թվում է, որ Իրանի հետ հարաբերություններում նա նախ կփորձի ինչ-որ, իր տեսանկյունից, շահավետ գործարք կնքել։ Այսինքն՝ դա լինելու է երկկողմանի հարաբերությունների ձևաչափ։ Եվ եթե սրանից ոչինչ չստացվի, ապա ռիսկեր կան, որ նա կուժեղացնի ճնշումն Իրանի վրա։ Եվ, հետևաբար, շահագրգռված կլինի, որ Իրանը մեկուսացվի Հարավային Կովկասում։ Այս առումով ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կխրախուսի հարավկովկասյան հանրապետություններին թուլացնել իրենց կապերը Իրանի հետ»,- եզրափակել է Կոնստանտին Տասիցը: