Աշխարհը փորձում է աչք փակել Արցախում տեղի ունեցածի վրա․ Արայիկ Սարգսյան
06 Նոյեմբերի 2025, 22:30
Աշխարհը փորձում է աչք փակել Արցախում տեղի ունեցածի վրա, դրա համար էլ որոշեցինք այդ թեմայով փաստավավերագրական ֆիլմ նկարել։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի համահեղինակ Արայիկ Սարգսյանը։
«Ես Արցախի էթնիկ զտման և բլոկադայի տարիների մասին առաջին փաստավերագրական ֆիլմի համահեղինակներից եմ։ Ֆիլմի գաղափարն իրականում առաջացել է ընկերական շրջապատում, ու որոշեցինք գործել։ Նման ֆիլմ հատկապես հիմա մեզ շատ էր պետք, բայց մեզ համար կարևոր էր այն նաև միջազգայնորեն ներկայացնելը։ Աշխարհը կարծես փորձում է աչք փակել այս իրողության վրա, ուստի մտածեցինք, որ պետք է նման մի փաստավավերագրական ֆիլմ ունենալ՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել Արցախում»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ֆիլմի նկարահանման ընթացքը թիմին և հատկապես իրեն դժվար է տրվել։
«Ես Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից եմ, և այդ պատմությունները նորից լսելը, մարդկանց հետ անմիջապես ծանոթանալը, իրենց ցավի մասին լսելը բավականին բարդ էր, բայց մաքսիմալ փորձել եմ այդ ընթացքում ինձ սառնասիրտ պահել։ Ճիշտ է՝ ողջ պրոցեսը, մոնտաժային աշխատանքները և այլն, և այլն, ամեն դեպքում ազդում են, բայց իրականում մեծ ոգևորություն կա հիմա, որ ֆիլմը ներկայացվի հանրությանը»,-ընդգծել է Սարգսյանը։