Աշխատանքներ են տարվում ԱՄՆ-ից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունն ավելացնել 100 մլն դոլարով․ Եղիսաբեթ Չուլջյան

Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ապահովելու հայերի անվտանգությունը, և դրանից զատ պետք է լրացուցիչ մարդասիրական և տնտեսական աջակցություն տրամադրի Հայաստանին՝ այդկերպ ամրապնդելով Հայաստան-Ամերիկա կապը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ANCA հասարակության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը:

«Այսօր ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահը և Բյուջեի կոմիտեի նախագահը 20-ից ավելի գործընկերների հետ միասին Միացյալ Նահանգներին պետք է կոչ անեն, որ Արցախից բռնի տեղահանվածներին հատկացվող մարդասիրական օգնությունն ընդլայնվի: Նամակն այսօր պետք է ուղարկվի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Նամակում հստակ նշվում է, որ ինչպես վերջերս սենատորները հիշատակել էին Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին, Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ապահովելու հայերի անվտանգությունը, և որ նրանք այսուհետ հալածանքների չեն ենթարկվի: Անվտանգությունն ապահովելուց զատ դրա մեջ ներառված է նաև լրացուցիչ մարդասիրական և տնտեսական աջակցություն տրամադրելը՝ այդկերպ ամրապնդելով Հայաստան-Ամերիկա կապը: Եվ այդ ամենի հետ մեկտեղ՝ հայերին էթնիկ զտման ենթարկելու համար ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ վերջինիս նկատմամբ կիրառելով պատժամիջոցներ»,- նշել է Չուլջյանը:

Նա ընդգծել է, որ Հայ Դատի հանձնախումբը կաշխատի Կոնգրեսի հայ հանձնախմբի հետ, որ 2025 թ-ի ամերիկյան արտաքին օժանդակության բանաձևում Հայաստանին հատկացվող օժանդակությունն ավելանա առնվազն 100 մլն դոլարով:

«Նամակին զորակցում են 20-ից ավելի սենատորներ, և հիմա շատ կարևոր ժամանակաշրջան է, քանի որ անընդհատ խոսվում է հայ-ամերիկյան կապերի զարգացման մասին: Բայց դրա իրական հետևանքները դեռ չենք տեսել՝ հատկապես Արցախին օգնելու տեսանկյունից, քանի որ արցախահայերին հատկացվող գումարները չափազանց փոքր են: Նամակի միջոցով աշխատանք է տարվում, որ 2024-ի օժանդակության փաթեթի մեջ ընդլայնվի նաև Հայաստանին տրվող մարդասիրական օժանդակության չափը՝ հատկապես հաշվի առնելով, որ այնտեղ հազարավոր արցախցիներ են շարունակում ապրել:

Երբ Ներկայացուցչական տունը սկսի քննարկել 2025 թ-ի ամերիկյան արտաքին օժանդակության բանաձևը, Հայ Դատի հանձնախումբը կաշխատի Կոնգրեսի հայ հանձնախմբի ատենապետ, կոնգրեսական Ֆրենք Փալոունի և այլ կոնգրեսականների հետ, որպեսզի ընդլայնվի ամերիկյան օժանդակությունը դեպի Հայաստան առնվազն 100 մլն-ով, և այդ գումարները ևս ուղղվեն արցախահայերին օգնություն տրամադրելուն»,- եզրափակել է Չուլջյանը:

Հիմա եթերում