Աշխեն Հովակիմյան. հայտնի գիտնական-այգեպանը
05 Նոյեմբերի 2023, 13:40
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) անգլիացի և սինգապուրցի հայտնի գիտնական-այգեպան է։
Նրա ջանքերի շնորհիվ 19-րդ դարի վերջին բուծվել է օրխիդեայի հայտնի տեսակը՝ «Վանդա Միսս Ջոակիմ»-ը, որը հետագայում դարձել Է Սինգապուրի ազգային խորհրդանիշը։
Ջոակիմը ծնվել է 1854 թվականին Սինգապուրում բավականին հայտնի հայկական ընտանիքում։ Ագնեսի մայրական պապը՝ Եսայիա Զաքարիան, Սինգապուրի առևտրի պալատում առաջին հայն էր և տեղի հայ համայնքի ղեկավարը: Իսկ Ագնեսի հայրը՝ Բարսեղ Ջոակիմը, համարվում էր Հարավարևելյան Ասիայի ամենահաջողակ առևտրային գործակալներից մեկը։ Բացի բիզնեսից, նա զբաղվել է նաև խոշոր բարեգործական գործունեությամբ։
Մանկուց Ջոակիմը հետաքրքրված էր այգեգործությամբ, իսկ արդեն հասուն տարիքում օրխիդեաների հանդեպ սերը դարձել է գիտական գործունեություն։ 1893-1895 թվականներին Աշխենը ակտիվորեն մասնակցել է Սինգապուրի ծաղիկների փառատոներին և ցուցահանդեսներին և մեկ անգամ չէ, որ ճանաչվել է օրխիդեաների լավագույն մասնագետ։
19-րդ դարի վերջին հայուհին Սինգապուրի բուսաբանական այգու տնօրեն Հենրի Ռիդլիին ցուցադրել է իր աճեցրած ծաղիկը՝ «Վանդա Միսս Ջոակիմ» օրխիդեան: Բիրմայական և մալայական օրխիդեաներից ստացված էկզոտիկ ծաղիկը դարձել է աշխարհում օրխիդեաների առաջին հիբրիդներից մեկը:
«Վանդա Միսս Ջոակիմ» օրխիդեան ճանաչվել է աշխարհում առաջին հիբրիդային ծաղկի տեսակը, որը ստեղծել է կինը: Ագնես Ջոակիմը 1899 թվականին ծաղիկների ցուցահանդեսում հանրությանը ցույց է տվել յուրահատուկ ծաղիկ։
Ցավոք, Ագնեսը շուտով մահացավ, և միայն նրա մահից հետո «Վանդա Միսս Ջոակիմը» դարձավ Սինգապուրի ամենահայտնի օրխիդեաներից մեկը։
1947-ին այս ծաղիկը ընտրվել է երկրի Առաջադիմական կուսակցության խորհրդանիշ, իսկ 1981-ին այն դարձել է ամբողջ Սինգապուրի ազգային խորհրդանիշը: 2015 թվականին սինգապուրյան օրխիդեա ստեղծողի անունը ներառվել է Սինգապուրի Կանանց փառքի պատկերասրահում։