Ասկերանցի Ալվարդը. հանապազօրյա հացի մատակարարը
18 Օգոստոսի 2023, 01:00
Ասկերանցի Ալվարդ Գաբրիելյանը քսան տարուց ավելի է, ինչ զբաղվում է հացի արտադրությամբ։ Չի թաքցնում` սիրով ու նվիրվածությամբ է լծված ծննդավայրի բնակիչներին հանապազօրյա հացի մատակարարմանը։ Այդ սերն ու նվիրվածությունը ավելի է ընդգծվել Հայրենիքի համար դժվարին ժամանակներում։ 2020-ի ողբերգական օրերին հացի փուռը չի դադարել աշխատել` նույնիսկ ռմբակոծության տակ։ Հիմա էլ իրավիճակն օրհասական է, աշխատում են գերծանրաբեռնված, հովհարային անջատումներին հարմարվելով, միայն թե ասկերանցին ու հարակից բնակավայրերի բնակիչներն հացի խնդիր չունենան։
«Հարկ եղած դեպքում խմորը ձեռքով եմ հունցում, միայն թե հասցնեմ։ Ի՞նչ անենք, դժվարին ժամանակներ են, հո՞ մենակ բողոքելով չի։ Ամեն մարդ իրենից կախվածը, որ ժամանակին անի, մի բանի կհասնենք։ Թե չէ՝ դարձել ենք «կարապը, խեցգետինն ու գայլաձուկը»… Մեծ ցավ եմ ապրում այս ամենը տեսնելով»,- artsakhtert-ի հետ զրույցում ասել է տիկին Ալվարդը։
2020-ի 44-օրյա պատերազմին հաջորդած շրջափակումը չի կոտրել ամուր կամքով ու տոկունությամբ լցված Ալվարդ Գաբրիելյանին։
«Սովորաբար 6 պարկ ալյուր էինք օգտագործում, հիմա արդեն 9 պարկն էլ չի հերիքում։ Հաց թխելու հետ կապված բազմաթիվ լրացուցիչ խնդիրներ են առաջանում (աղ, ձեթ, խմորիչ, վառելիք), որոնք առայժմ մեծ դժվարությամբ եմ կարողանում լուծել։ Այսպես շարունակվելու դեպքում աղետալի իրավիճակում ենք հայտնվելու»,- նշել է տիկին Ալվարդը:
Ներկայում հացի արտադրամասում 6 հոգի է աշխատում։ Տիկին Ալվարդը, աշխատողների հետ հավասար, աշխատում է մինչև վերջին հացի թխվելը։ Քաղաքի ներսում հացը հաճախ ձեռքով է խանութներ հասցնում։ Այս ամենի հետ հասցնում է նաև բանջարանոցում աշխատել, զբաղվել մեղվաբուծությամբ։
«Մտածմունքս գյուղական բնակավայրերն են։ Բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով՝ դեռ կարողանում ենք հացը գյուղեր հասցնել։ Չեմ ուզում մտածել, ինչ է լինելու, երբ վառելիքի ողջ պաշարը սպառվի: Չնայած այս ամենին՝ շարունակում եմ լավատես լինել և ապրել` հանուն մեր միասնական պայքարի, քանի որ անընդունելի եմ համարում թշնամի պետությանն ինտեգրվելուն ուղղված բոլոր խոսակցությունները»,- ասել է ասկերանցին։