Ասում են՝ սովից կմեռնենք, Բաքվի «օգնությունը» չենք ընդունի. Արցախի պատգամավորը` տրամադրությունների մասին
19 Օգոստոսի 2023, 15:15
Արցախում հիմա լուծում ենք ոչ թե ուտել-չուտելու խնդիրը, այլ լուծում ենք մեր լինել-չլինելու, հայրենիք ունենալ-չունենալու, գաղթական դառնալ-չդառնալու խնդիրը։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Սովորություն է դարձել օրվա մեջ մի քանի ժամ քայլել փողոցներում, զրուցել մարդկանց հետ։ Մարդկանց, ում տանը, ընդհանրապես, կարող է մեկ հաց լինել, իրենք գիշերը սոված քնած լինեն, երբ հարցնես՝ կընդունե՞ն Ադրբեջանի կողմից որևէ օգնություն, զայրույթից փայլող աչքեր կտեսնես։
Ասում են՝ սովից կմեռնենք, բայց նման բան չենք ընդունի։ Մի հանդիպման էի մասնակցում, որտեղ տարիքով մարդիկ էին հավաքված, պատմում էին, որ 90-ականներին մեքենաներով Վերածննդի հրապարակ են բերել սնունդ, քաղցրավենիք, բայց որևէ մեկը մոտ չի գնացել այդ օգնությանը»,- ասել է Արցախի պատգամավորը։
Մետաքսե Հկոբյանը վստահ է՝ եթե հիմա էլ ադրբեջանական կողմը ինչ-որ ձևով սնունդ, դեղորայք հասցնի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, ոչ ոք չի ընդունի դա․
«Մենք հիմա լուծում ենք ոչ թե ուտել-չուտելու խնդիրը, այլ լուծում ենք մեր լինել-չլինելու, հայրենիք ունենալ-չունենալու, գաղթական դառնալ-չդառնալու խնդիրը։ Տարեցները ասում են՝ մենք 90-ականներին ավելի վատ էինք ապրում, հիմա գոնե բակերում աճեցրած բանջարեղենը, թեկուզ քիչ, հնարավոր է օգտագործել։ Դաշտերում աճեցրած ցորենից հաց ենք ստանում, բայց մենք դա մեծ հպարտությամբ ենք ուտում՝ գիտակցելով, որ սա գոյի պայքար է։
Կան մարդիկ, որ տրտնջում են այս վիճակից, բայց հաջորդ վայրկյանին մեջքը ուղղում ու ասում են՝ Բաքվից եկող որևէ առաջարկ արցախցին չի ընդունելու»,- եզրափակել է Հակոբյանը։