Աստված ճանապարհը ցույց է տալու, թե ոնց ենք վերադառնալու, և դա կոչվելու է հաղթական վերադարձ․ Արցախի թեմի առաջնորդ

06 Սեպտեմբերի 2024, 13:51

Կարծիք

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի թեմի գրասենյակի գործունեության, Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության, Արցախ վերադարձի հնարավորության և այլ հարցերի մասին։

-Արցախի հայաթափումից հետո համարյա մեկ տարի է անցել, բայց տպավորություն է, թե երկար տարիներ են անցել, ու ամեն ինչ արվում է հարցը մոռացության տալու համար։ Ինպե՞ս կարող ենք վերադարձի նկատմամբ հավատը վառ պահել, իրատեսական հավատը։

-Բոլորս ենք ուզում այդ ավետիսը, բարի լուրը լսել և Արցախում ապրել։ Արցախը մենք չենք կորցրել, Արցախը կա ու շարունակում է մնալ, Արցախը չի ընկել, ընկնողը մենք ենք եղել, մենք ընկանք, ծնկի եկանք ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես․․․

Ինչո՞ւ այդպես եղավ։ Մենք պետք է հետ գնանք դեպի մեր ակունքները, տեսնենք, թե մեր նախնիներն ի՞նչ են արել, ի՞նչ գործընթաց են սկսել, որը մենք չենք շարունակել։ Սուրբ գրքում գրված է՝ «ես եմ Հայկի, Նոյի և Գրիգոր Լուսավորչի Աստվածը։ Հայկ նահապետը չարի դեմ պայքարել է, Հայաստան երկիր է ստեղծել, հույսի երկիր է դարձրել, Նոյ նահապետն իր ընտանիքն է փրկել, Լուսավորիչն այնքան խորը հավատ է ունեցել, որ Աստված իջել է Արարատյան դաշտավայրում։ Այս երեք անձերը ընտանիքի, հայրենիքի ու հավատի գաղափարն են մարմնավորում։

Մենք հեռացե՞լ ենք մեր հայրերի տված ուխտից, իհարկե հեռացել ենք։ Այդ դեպքում ի՞նչ ենք ուզում։ Երբ հրեա ժողովուրդը հեռացել էր իր Աստծուց, Աստված ասաց՝ ես Ձեզ կմատնեմ Ձեր թշնամիների ձեռքը, հիմա մեր թշնամիներն ի՞նչ տեսքով են, ի՞նչ գաղափարի կրող են, որտեղի՞ց են եկել, քո ներսի թշնամիների ձեռքն է տալո՞ւ։ Դու կկործանվես, եթե չկատարես քո նախնիների ուխտը։ Շղթան կտրվել է, հիմա ի՞նչ ենք ուզում։ Ոչ մի դաշնակից չունենք, որովհետև ամենակարևոր դաշնակցից՝ անդավաճան Աստծուց, մենք հեռացել ենք և մեղքի մեջ ընկել։ Աստվածապարգև հաղթանակները վերագրել  ենք մեզ, անձնավորել ենք և ընկել մահացու մեղքի՝ հպարտության մեջ։

Որպեսզի նորից վերադառնանք մեր ակունքներին, պետք է օգտվենք մեր քրիստոնեական զինանոցից, ներենք իրար, զգանք մեր մեղքը, խոստովանենք, ապաշխարենք ու այդ դեպքում ծնկած վիճակից դուրս ենք գալու, բայց եթե դա չենք գիտակցում, ով ուզում է գա, ինչ ուզում  է տեղի ունենա, չի լինելու։ Մենք հեռացել ենք ոչ միայն Աստծուց, այլ նաև մեր հայրերից։ Ուզում ես քամի ցանե՞ս ու ի՞նչ հնձես, փոթորիկ ես հնձելու, իսկ եթե ցորեն ցանես, ցորեն ես ճաշակելու։ Մենք հպարտություն ցանեցինք, ի՞նչ ենք քաղելու։

Պետք է մեր ինքնությունը տանենք դեպի մեր ակունքները, մեր գենետիկ հիշողությունը կապված է դրա հետ։ Մենք դրանով պիտի կարողանանք մեր ինքնությունը համեմել Աստծո խոսքով և մեր նահապետների տված լույսը տեսնել։ Արցախի վերադարձը պայմանավորված է այս հանգամանքներով․ կզղջանք, կգիտակցենք, Աստված ճանապարհը ցույց է տալու, թե ոնց ենք հետ վերադառնալու և դա կոչվելու է հաղթական վերադարձ, եթե մենք հավատում ենք դրան։