Աստված երկնային օթևաններում հանգչեցնի զոհված քաղաքացիների հոգիները․ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պուտինին
23 Մարտի 2024, 15:40
Մարտի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Խստորեն դատապարտելով անմարդկային ոճրագործությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևոր դասի և հավատավոր հայ ժողովրդի անունից խորին վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հովվապետին և Ռուսաստանի ողջ ժողովրդին։
Վեհափառ Հայրապետը հայցել է, որ Ամենողորմ Աստված երկնային օթևաններում հանգչեցնի զոհված քաղաքացիների հոգիները, Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին և շուտափույթ ապաքինում պարգևի բոլոր տուժածներին։