Ասկերանի Աստղաշեն համայնքում ջերմոցներ են հիմնել
27 Հունիսի 2023, 14:05
Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում այս տարի ընդլայնվել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսերը:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը, ում հավաստմամբ՝ աստղաշենցիներն սկսել են ավելի ակտիվ զբաղվել գյուղատնտեսությամբ:
Նրա խոսքով՝ կարևոր նշանակություն ունի բանջարաբոստանային ցանքսերի ոռոգման խնդիրը:
«Գյուղն ապահովված խմելու ջրով, որը, սակայն, ոռոգման ջրի բացակայության պատճառով օգտագործվում է նաև տնամերձեր հողամասերի մշակման համար: Սակայն խմելու ջրի սակագինը բավականին բարձր է, ուստի դիմել ենք կառավարությանը սակագնային փոփոխությունների խնդրանքով: Օգտագործում ենք նաև արտեզյան ջրերը, սակայն հովհարային անջատումների դեպքում խնդիրներ են առաջանում»,- պարզաբանել է համայնքապետը:
Նրա խոսքով՝ տեղումների պատճառով չեն կարողացել թթի բերքահավաքն իրականացնել, իսկ քամին ու տեղատարափ անձրևները բացասաբար են ազդել բերքատվության վրա: Վնասվել են հացահատիկայինների ցանքսեր, ինչպես նաև բանջարաբոստանային մշակաբույսեր, որոնք համայնքապետի համոզմամբ, վերականգնելի են: Այդուհանդերձ, մեր զրուցակցի գնահատմամբ, նախորդ տարվա համեմատ այս տարի ցանքսերից բավարար բերքատվություն է ակնկալվում: Ինչ վերաբերում է բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսերին, ապա այս տարի դրանք ընդլայնվել են:
«Գյուղում օգտվել են բարեգործական մի շարք ծրագրերից՝ ստանալով կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի սերմեր։ Ստացված բերքի մի մասը՝ մասնավորապես կարտոֆիլը, շուկա են դուրս բերել՝ իրացնելով Ստեփանակերտում: Շուտով էլի կտանենք»,- ասել է Ա․ Գրիգորյանը:
Նրա տեղեկատվությամբ՝ Աստղաշենում երկու ջերմոց է հիմնվել, որոնցից մեկում կանաչեղեն է մշակվում՝ տարին բոլոր գյուղն ապահովելով, իսկ մյուսում՝ նաև լոլիկ, լոբի և այլ մշակաբույսեր։
«Աստղաշենում, կան նաև մեծ գլխաքանակով անասնաբուծությամբ զբաղվողներ, իսկ անհատապես գրեթե յուրաքանչյուրն ունի 1-3 անասուն: Այդ ամենի շնորհիվ՝ ոչ միայն ապահովվում են իրենց պահանջարկը, այլ նաև մի մասն իրացնել»,-հավելել է համայնքի ղեկավարը: