Աստղիկ Սաֆարյանը փնտրում է Հայաստանում եւ արտերկրում ապրող տաղանդների․ երգչուհին՝ իր նոր մտահղացման մասին

20 Մայիսի 2023, 08:35

Հայեր

Աստղիկ Սաֆարյանն, իր երաժշտական գործունեությանը զուգահեռ, որոշել է հիմնել իր գործակալությունը, որը զբաղվելու է Հայաստանում եւ արտերկրում տաղանդավոր մարդկանց «փնտրտուքով»։ Քասթինգն արդեն սկսված է, իսկ նախաձեռնության առաջին մանրանասներով երգչուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ։ 

Աստղիկի խոսքով՝ փորձելու են փնտրել ու գտնել տաղանդների՝ նրանց համար հնարավորություններ ստեղծելով դեպի հեռուստատեսություն եւ մեծ նախագծեր։

«Միշտ ունեցել եմ  ցանկություն լինել օգտակար նրանով, ինչով կարող եմ, ու օգնել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Այսօր իմ 16-17 տարիների փորձով կարող եմ իրականացնել ցանկությունս, որն, ըստ էության, նաեւ ազգօգուտ գործ է։

Իսկ գաղափարն ինձ մոտ հաստատվեց այն ժամանակ, երբ հրավիրված էի մոդելինգային քասթինգի՝ որպես ժյուրի մասնակցելու։

Երբ քննում էի մասնակիցներին, հասկացա, որ նրանք մասնակցում են մոդելային նախագծի, բայց ունեն շատ այլ ուրիշ տաղանդներ, որոնց մասին անգամ իրենք տեղյակ չէին»,-պատմում է երգչուհին՝ հավելելով,- «Կան տաղանդավորներ, որոնք իրոք շնորհալի են, բայց անգամ չգիտեն՝ որտեղից է պետք սկսել իրենց գործունեությունը, ինչի արդյունքում մարում են իրենց ներսի տաղանդը։

Իսկ մենք պատրաստ ենք աջակցել եւ ստեղծել իրենց համար համապատասխան հնարավորություններ»։ 

Աստղիկն իր փնտրտուքը որոշել է սկսել Հայաստանի մարզերից։

«Պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր մարզերի մարզպետարաններին ու համայնքապետարաններին՝ ի դեմս տնօրինությանը, գաղափարս ողջունելու եւ սրտանց աջակցություն ցուցաբերելու համար։

Մարզերում մեր քաստինգներն իրականացվում են բացառապես մարզպետարանների, համայնքապետարանների եւ ամեն քաղաքի մշակութային կառույցների աջակցությամբ։

Քասթինգներ ենք պլանավորում նաեւ Բարսելոնայի, Փարիզի եւ Ամստերդամի հայ համայնքների շրջանում։ Այժմ էլ բանակցում եմ նշված քաղաքների հայկական համայնքների ղեկավարությունների հետ։

Նրանք էլ մեծ ոգեւորությամբ են ընդունել իմ նորաստեղծ ընկերության գաղափարը։ 

Արդեն այցելել ենք Էջմիածին։ Մեր հաջորդ այցը կլինի Գյումրի՝ մայիսի 20-ին՝ Ն. Տիգրանյանի անվան թիվ մեկ արվեստի դպրոցում։

Նույն օրը երեկոյան Գյումրիում  կունեմամ համերգային երեկո՝ 20:00-ից սկսած։ Մայիսի 22-ին կայցելենք քաղաք Հրազդան եւ տեղի թիվ 8 հիմնական դպրոցում կսպասենք Հրազդանի բոլոր տաղանդներին։

Իսկ մայիսի 23-ին կայցելենք Աբովյան՝ թիվ 5 հիմնական դպրոց։ Երեւանյան քասթինգը նախատեսում ենք հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը»։ 

Աստղիկը նշում է նախաձեռնությանը կարող են մասնակցել 5-60 տարեկան բոլոր շնորհալիները։ Երգչուհին չի բացառում նաեւ որոշակի ճանաչվածության հասած անձանց անդամակցությունը։ 

Ինչ վերաբերում է Աստղիկի երաժշտական գործունեությանը, ապա Գյումրիում կայանալիք համերգից բացի՝ սպասվում են նոր երգեր, որոնցից մեկը հեղինակային է, մյուսը՝ համագործակցություն երգահան Անուշ Ալեքսանյանի հետ։

Երգչուհու խոսքով՝ կլինեն նաեւ նոր տեսահոլովակներ։ 

Հիմա եթերում