Աթենքում ցույց անող դիմակավորված անձինք կապ չունեն շարքային քաղաքացիների հետ. Էքիզյան
05 Մարտի 2025, 22:35
Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում օրեր առաջ զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել՝ նվիրված 57 մարդու կյանք խլած երկաթուղային վթարի երկրորդ տարելիցին։
Վթարը տեղի էր ունեցել 2023 թվականին. Աթենք-Սալոնիկ արագընթաց ուղևորատար գնացքը Տեմպի քաղաքում բախվել էր բեռնատար գնացքի։ Վթարի հետևանքով մահացել էր 57 մարդ, մեծ մասը` ուսանողներ, 81 մարդ ստացել էր լուրջ, 99-ը՝ թեթև վնասվածքներ:
Ցույցերը ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, որին նախորդել են լուսաձայնային նռնակների պայթյուններ։ Արցունքաբեր գազի կիրառումից հետո մի խումբ ցուցարարներ սկսել են շնչահեղձ լինել և հեռանալ տարածքից։ Ցուցարարների մի մասը, սակայն, մնացել է տեղում, նրանցից ոմանք տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։
Ակցիայի մասնակիցներն արդարադատություն ու ողբերգության պատճառների լիարժեք հետաքննությունն են պահանջում։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Հունաստանի «Ազատ օր» թերթի գլխավոր խմբագիր Քերոբ Էքիզյանի հետ:
«Շատ հայեր էլ են գնացել ու իրենց զորակցությունը հայտնել: Մենք այս երկրի քաղաքացիներ ենք, ունենք նույն իրավունքներն ու պարտավորությունները, ինչ ունեն հույն քաղաքացիները: Այս բախումները, որ տեսանք, ցույց անող ժողովրդի հետ կապ չունեն: Դժբախտաբար, կան զանազան խմբեր, որոնք նոր չեն, հանկարծ մեջտեղ են դուրս գալիս մի քանի հարյուր դիմակավորված անձինք, որոնք ձեռքների ունենում են լուսաձայնային ռումբեր, քարեր, ու սկսում են դրանք նետել: Այդ պահին նաև ոստիկանության ջոկատները պիտի հակազդեն: Ժողովուրդը, տեսնելով այս ամենը, հետ է քաշվում»,- ասել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այս բախումները մեծ ամոթ են եղել Հունաստանի համար:
«Նրանք, ովքեր բարի մտադրությամբ էին այնտեղ, հետ են քաշվում, որ չվնասվեն ռումբերից կամ քարերից: Բախումները տևել են մի քանի ժամ, Աթենքի կենտրոնը լուրջ վնասներ է կրել: Այդ բախումները միտումնավոր են հրահրել, որ խաթարվի ցույցի բնույթը»,- եզրափակել է Քերոբ Էքիզյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։