Աթենքում կայացել է Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտամշակութային միջոցառում

10 Հուլիսի 2023, 09:30

Մշակույթ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ կայացել է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան, 12-րդ դարի հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտամշակութային միջոցառումը:

Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ միջոցառումը կայացել է Աթենքում ՀՀ դեսպանատան շենքում, որտեղ ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, մտավորականներ, հոգևոր դասի, հունահայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ողջույնի խոսքում նշել է.

«2021 թվականի նոյեմբերի 23-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում», որտեղ Հայաստանի հայտին աջակցել են Հունաստանը, Կիպրոսը, Իտալիան և Սիրիան։ Ուստի, չափազանց կարևոր է նման միջոցառման կազմակերպումն այստեղ՝ Աթենքում՝ որպես երախտագիտության նշան մեր հույն ընկերներին՝ իրենց աջակցության համար»:

Միջոցառման ավարտին հյուրերը վայելել են հայկական և հունական երաժշտություն՝ հունահայ երկու մեծագույն երաժիշտների կատարմամբ՝ Ֆիլիպոս Նակասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, նշանավոր կիթառահար Յակովոս Քոլանյանի և Հունաստանի Ամերիկյան քոլեջի երաժշտության պրոֆեսոր, հայտնի դաշնակահար Քրիստինե Թոքաթլյանի կատարմամբ, որին հետևել է ընդունելություն՝ հայկական գինիների և կոնյակի, ինչպես նաև տարբեր ուտեստների հյուրասիրությամբ:

Հիմա եթերում