Ատոմակայանի փակումից մինչև «Զանգեզուրի միջանցք». ի՞նչ է ուզում Թրամփը Հայաստանից. Ալեն Ղևոնդյան
28 Հունվարի 2026, 20:00
ԱՄՆ-ին հետաքրքրում են այն տարածաշրջանները, որտեղ կան ռեսուրսներ. ռեսուրսային քաղաքականությունը դարձել է նրանց ազգային շահերի լոկոմոտիվը: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և ԱՄՆ նոր վարչակազմի հնարավոր մոտեցումներին։
Ըստ նրա՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար Ադրբեջանը, որպես ռեսուրսակիր պետություն, շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան Հայաստանը։ Ղևոնդյանը նկատել է, որ 2020 թվականից հետո Բաքուն ստանձնել է տարածաշրջանային առաջատարի դեր, ինչն ամրապնդվում է նաև Ալիևների ընտանիքի և Թրամփի միջև առկա անձնական կապերով։
«Հայաստանի դերակատարումն ինչ-որ հարցերում ավելի շատ սիմվոլիկ է, քանի որ երկիրը որոշել է սուբյեկտից վերածվել օբյեկտի»,- նշել է քաղաքագետը։
Նա հիշեցրել է Դավոսում տեղի ունեցած հանդիպումների ձևաչափը, որտեղ Թրամփն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, մինչդեռ Փաշինյանի հետ հանդիպումը սահմանափակվել է կարճատև, հպանցիկ զրույցով։
Ղևոնդյանը նշել է, որ ամենայն հավանականությամբ Վաշինգտոնն առաջիկայում հանդես կգա որոշակի առաջարկներով, որոնք կարող են առնչվել Հայաստանի ատոմակայանի հետագա ճակատագրին. «Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսանկյունից մենք ունենք մի վիճակ, որ ամերիկացիները փորձելու են առաջարկ անել, որին մենք պետք է պատասխանենք»:
Խոսելով տրանսպորտային ուղիների մասին՝ քաղաքագետը շեշտել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում ԱՄՆ-ի համար առաջնայինը համագործակցությունն է Ադրբեջանի հետ:
Ալեն Ղևոնդյանը նշել է նաև, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են արդարացնել սեփական ձախողումները՝ մեղքը բարդելով արտաքին կառույցների վրա, մինչդեռ տարածաշրջանում տեղի է ունենում շահերի վերադասավորում, որտեղ Հայաստանի ձայնն օրեցօր նվազում է։