Ատոմային էներգետիկայում ոլորտում չի կարելի առաջնորդվել պահի քաղաքական իրավիճակով․ Ալեքսանդր Ֆրոլով
10 Փետրվարի 2026, 21:30
Ազգային էներգետիկայի ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆրոլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հայտարարությունը, ըստ որի՝ «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում սկսել Հայաստանում ԱԷԿ-ի նախագծի իրականացումը։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի օբյեկտիվ շահերը Ռուսաստանի հետ համագործակցության մեջ են։
«Ռուսաստանը պարզ բան է ասում․ ատոմային ոլորտում ներդրումային ցիկլերը հսկայական են։ Ատոմային էներգետիկայում նախագծերի իրականացման ժամկետները բավական երկար են, իսկ շահագործման ժամկետներն՝ ավելի երկար, դրանք կարող են տևել կես դար և ավելի։ Պահի քաղաքական իրավիճակով առաջնորդվելն անիմաստ է։
Հայաստանը մեր հարևանն է։ Դա մի երկիր է, որի հետ մեզ կապում են պատմությունը, մշակույթը և, իհարկե, աշխարհագրությունը։ Ավելին՝ մեզ կապում է նաև էներգետիկան։ Այո՛, Հայաստանի ներկայիս իշխանությունների քայլերը հասկանալի են, սակայն մենք կառուցում ենք Եվրասիական տնտեսական միությունը, և այդ միության շրջանակում անհրաժեշտ է զարգացնել նաև էներգետիկ համագործակցությունը։
Հայաստանի խնդիրները մեծապես կապված են երկրի էներգետիկ հագեցվածության չափազանց ցածր մակարդակի հետ։ Ռուսաստանի շահերից է բխում բարձրացնել այդ մակարդակը և առավել սերտորեն կապել մեր տնտեսությունները, թեև Հայաստանի ներկայիս ղեկավարությունն ամեն կերպ՝ «ձեռքերով ու ոտքերով», փորձում է դրանից խուսափել։ Սակայն Հայաստանի օբյեկտիվ շահերը Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնման մեջ են, այլ ոչ թե օվկիանոսի այն կողմ գտնվող գործընկերների հետ, որոնք իրականում գործընկեր չեն»,- ասել է Ֆրոլովը։