Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը. Politico

31 Հուլիսի 2024, 13:57

Բոլոր

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Այս մասին գրում է Politico-ն։

Լրատվամիջոցը՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան դիվանագետների հետ ունեցած զրույցը, հայտնում է, որ Շառլ Միշելը Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

Ըստ աղբյուրի՝ Միշելը նաև ուղերձ է հղել երկու կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և «ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրն»՝ առաջընթաց գրանցելով դեռևս չլուծված հարցերում, ինչպիսին է, օրինակ, սահմանազատումը։

Politico-ն միաժամանակ գրում է, որ ամիսներ տևած դիվանագիտական փակուղուց հետո Բրյուսելում հիասթափությունն աճում է, երբ երկար սպասված համաձայնությունն այդպես էլ իրականություն չդարձավ:

«Չնայած Միշելի հետ հանդիպումներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չկարողացան հնարավորություն գտնել բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ Ի վերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեն խաղեր խաղալ և կնքեն համաձայնագիրը, քանի որ նախագահ Միշելը ԵՄ-ի ուժերի սահմաններում արել է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ», — ասել է Շառլ Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը: