Ավելի կարևոր է ոչ թե այն, թե ում հանեց Փաշինյանը, այլ ով մնաց ու ինչու. Տիգրան Քոչարյան

19 Նոյեմբերի 2024, 13:14

Կարծիք | Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի պահանջով երեկ՝ նոյեմբերի 18-ին, 6 պաշտոնյա աշխատանքից ազատման դիմում է գրել: Նրանք են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:
Պաշտոնանկությունների պատճառների մասին Alpha News-ի ուղիղ եթերում խոսել ենք մեդիափորձագետ, Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի հետ:

«Սա իրականում այն է, ինչ արեց Զելենսկին 2-3 ամիս առաջ Ուկրաինայում: Ուղղակի դժգոհությունը մեղմելու և թեման մի փոքր շեղելու համար նա նախարարներին հեռացրեց, բայց հետո վերադասավորեց ու նշանակեց նոր, բավականին լավ պաշտոնների: Հիմա նույնն այստեղ է: Բայց այստեղ պետք է հասկանալ ոչ թե ում հանեց, այլ ով մնաց ու ինչու մնաց: Մնացին Արմեն Աբազյանը, Արմեն Գրիգորյանը, Աննա Վարդապետյանը, Անդրանիկ Քոչարյանը և մնաց Սուրեն Պապիկյանը: Այսինքն՝ գլոբալ առումով մնացին մարդիկ, որոնք կազմում են Փաշինյանի կա՛մ մերձավոր շրջապատը, կա՛մ դեռևս Փաշինյանը չի կարողանում նրանց հարցերը լուծել այնպես, ինչպես ցանկանում է»,- նշել է Տիգրան Քոչարյանը:

Խոսելով Փաշինյանի հաջորդ քայլերի մասին՝ նա ընդգծել է, որ առաջիկա ամիսներին սպասվում է որոշ ՔՊ-ականների կալանավորում:

«Նիկոլ Փաշինյանի հեռացրած այս 6 պաշտոնյաներից որևք մեկը Նիկոլ Փաշինյանի հետ չի քայլել, բայց շատ հավանական է՝ այդ 6-ից առնվազն 3-4-ը կրկին պետական կառավարման ապարատում տեղ կգտնեն, քանի որ, օրինակ, ինչ վատ բան է արել Վահե Ղազարյանը, որ Փաշինյանը նրան առանց պաշտոնի թողնի: Սա հերթական քայլն է, որ ժողովրդի լարվածությունը մեղմանա:

Պետք է նաև նշել, որ սա քաղաքագիտորեն հասկանալի քայլ է, քանի որ դու սկզբում պետք է միավորվես ընդհանուր և արտաքին թշնամու դեմ, որոնք նախկիններն ու ՌԴ-ն էին: Բայց նախկինների թեման անցյալում է, քանի որ արդեն 7 տարի է՝ ոչ մի նախկին պաշտոնի չէ, իսկ ՌԴ-ի վրա ինչ հնարավոր էր բարդել, արդեն բարդել են: Եվ հիմա ներսում թշնամիներ գտնելու ժամանակն է: Սրանից հետո հաջորդ քայլը լինելու է որոշ ՔՊ-ականների կալանավորումը: Հետո կգան 2026-ի ընտրությունները, այստեղ կարելի է նոր թիմ հավաքել, և ժողովրդին ցույց տալ՝ միայն ես եմ, որ կամ, ինչ կուզեմ կանեմ, ում կուզեմ կհանեմ ու կնշանակեմ»,- եզրափակել է Տիգրան Քոչարյանը: