«Եվրասիա» ՀԿ-ի աջակցությամբ ավելի քան 7 հազար բռնագաղթած արցախցի հումանիտար օգնություն է ստացել
11 Մարտի 2026, 14:23
Հայաստանում «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակներում շարունակվում է բռնի տեղահանված արցախցիների աջակցությանն ուղղված լայնածավալ հումանիտար ակցիան։ Նախագիծն իրականացնում է «Եվրասիա» ԻՈԱԿ-ը՝ «Ռուսական հումանիտար առաքելություն» ԻՈԱԿ-ի հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ։
Ակցիան ընդգրկել է Հայաստանի բոլոր մարզերը։ Այժմ կամավորներն աշխատում են Երևանում, որտեղ սննդի փաթեթներ և առաջին անհրաժեշտության պարագաներ է ստացել ավելի քան 1000 ընտանիք։
Առանձին հավաքածուներ են պատրաստվել փոքրահասակ երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնցից շատերը ծնվել են արդեն Հայաստանում։ Օգնություն են ստանում առավել խոցելի խմբերում գտնվող անձինք՝ կերակրողին կորցրած, հաշմանդամություն ունեցող անդամներով, բազմազավակ ընտանիքները, ինչպես նաև միայնակ տարեցները։
«Տարեսկզբից աջակցություն է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1400 ընտանիքի։ Օգնություն են ստանում Երևանում, Կապանում, Գորիսում, Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում բնակվող արցախցիները: Նրանցից շատերի համար սա բարդ ժամանակաշրջան է. նրանք տունը կորցնելուց հետո վերակազմակերպում են իրենց կյանքը։ «Եվրասիայի» կամավորներն օգնում են ընտանիքներին հաղթահարել այս փուլը և լուծել կենցաղային ամենաանհրաժեշտ հարցերը։ Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր ընտանիք իմանա՝ իրենք մենակ չեն, և օգնությունն անպայման կցուցաբերվի»,-նշել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ԻՈԱԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։
2025 թվականին օգնություն է ստացել շուրջ 6 հազար ընտանիք։ «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագիրը նախատեսում է ինչպես հումանիտար օգնության բաշխման զանգվածային միջոցառումներ, այնպես էլ հասցեական աջակցություն առավել կարիքավոր ընտանիքներին։
