Ավելի քան համոզված եմ, որ Թուրքիայից անձնավորված հրավեր չի եղել Փաշինյանին. Վահագն Մելիքյան

07 Հունիսի 2023, 18:30

Առաջին հերթին | Կարծիք

Նիկոլ Փաշինյանի Անկարա կատարած այցի արարողակարգային խախտումները Alpha Newsroom-ի ուղիղ եթերում մեկնաբանել է 2001-2006 թվականներին ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը:

Ըստ նրա՝ ՀՀ վարչապետը կարող էր ստանալ հրավեր, բայց այն ընդունելը պարտադիր չէր, մանավանդ, եթե դիտարկենք մեր երկրի արտաքին քաղաքականության շուրջ ստեղծված իրավիճակը:

Մելիքյանը համոզված է նաև, որ անձնավորված հրավեր չի եղել Փաշինյանին, ոչ էլ նրա կնոջն են հրավիրել, քանի որ այդ դեպքում պարտադիր նշում են. «Դուք և Ձեր տիկինը հրավիրվում եք երդմնակալության արարողությանը…» կամ «Կարող եք ներկայանալ Ձեր տիկնոջ հետ…», իսկ կառավարության կաբինետի ղեկավարը ներկայացել էր Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը Փաշինյանի մասնակցելու մասին թուրքական մամուլը հայտնել էր ավելի վաղ՝ ՀՀ վարչապետին ներկայացնելով մի լուսանկարում, որտեղ նա խոնարհված է:

Դրան հետևեց նաև փաստը, երբ Փաշինյանին որպես երկրի ղեկավարի՝ նստեցրել էին երկրորդ շարքում՝ Ալիևի և նրա տիկնոջ անմիջապես հետևում, իսկ ինաուգուրացիային, երբ Թուրքիայի նախագահը իր շնոհակալական խոսքն էր հայտնում պետությունների ղեկավարներին՝ Էրդողանը «մոռացավ» հիշատակել նրա անունը, հիշեց միայն ընթրիքի ժամանակ:

Ըստ դիվանագետի՝ Թուրքիան ապրում և առաջնորդվում է խորհրդանիշներով: Որևէ բան Թուրքիայի հետ կապված չպետք է դիտարկել սպրդում, մոռացություն: Այն, ինչ-որ տեսնում ենք՝ այդ ամենը լավ մշակված, որոշված, հստակեցված հարցեր են:

Ինչպես հայկական, այնպես էլ տարածաշրջանի լրատվամիջոցների ուշադրությունից չեն վրիպել նաև Փաշինյանի լայն ժպիտով լուսանկարները Էրդողան-Ալիև տանդեմի հետ, որոնք մեծ քննադատության արժանացան: Ըստ Մելիքյանի՝ սա նույնպես արարողակարգի խախտում է, քանի որ երկրի ղեկավարը իր կեցվածքով, հագուկապով, շարժուձևով մի ամբողջ պետություն և ժողովուրդ է ներկայացնում, հետևաբար պարտավոր է հետևել իր պահվածքին:

«Թեև իշխանական թեևը դա դիվանագիտական փայլուն քայլ է համարում, քայլ ձիով, բայց զոհված տղաների արյունը դեռևս չի չորացել, նմանատիպ ժպիտները, մեղմ ասած, անընկալելի, անընդունելի են, շոկ են առաջացնում», — շեշտել է Մելիքյանը:

Դիվանագիտական արարողակարգը նորմերի և կանոնների կուռ համակարգ է, որոնք կարող են այս կամ այն ղեկավարին դուր չգալ, քիմքով չլինել և քմահաճության արժանանալ: Քմահաճույքը և արարողակարգը ոխերիմ թշնամիներ են, որքան էլ քմահաճ լինես՝ դու պարտավոր ես հետևել համընդհանուր կանոններին, որոնք դոգմա են: