Ավետիք Իսահակյան․ Մեծ վարպետը

30 Հոկտեմբերի 2024, 23:15

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 30-ը խորհրդային և հայ անվանի բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է:

Ավետիք Իսահակյանը բավական հագեցած կյանք է ապրել։ Նա ոչ միայն գրող էր, այլև հասարակական և քաղաքական գործիչ։

Ավետիք Իսահակյանն ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որից հետո մեկնել է Լայպցիգ՝ փիլիսոփայություն և մարդաբանություն սովորելու: Ժամանակներն անհանգիստ էին, հայ բնակչության վիճակը տարեցտարի ավելի ու ավելի էր բարդանում։ Ինչպես իր հասակակիցներից շատերը, այնպես էլ դեռ շատ երիտասարդ Ավետիք Իսահակյանը 1895 թվականին անդամակցել է Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Նա մեկն էր նրանցից, ովքեր հասկանում էին այն մեծ վտանգը, որի առջև կանգնած էր հայ ժողովուրդը։

Նա նաև ուսումը շարունակել է Եվրոպայում, կրկին վերադարձել հայրենիք, եղել է Թիֆլիսիի «Վերնատուն» գրական խմբակի անդամ։ Իսահակյանը խմբակի գրչակից ընկերների հետ գրական հսկայական աշխատանք է կատարել։

«Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այժմ այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում»,- այսպես է բնութագրել ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը Ավետիք Իսահակյանին։

Մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, մասնավորապես՝ «Աբու-Լալա Մահարի» պոեմը, թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:

1944-57թթ եղել է Հայաստանի գրողների միության անփոփոխ նախագահը, արժանացել է Լենինի երկու շքանշանի, ընտրվել ՀԽՍՀ 2-4-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ:

Ավետիք Իսահակյանը կյանքից հեռացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևանում: