Ավո Ուվեզյան. Սիգարի արքան և Ֆրանկ Սինատրայի հայտնի երգի հեղինակը
22 Մարտի 2025, 21:00

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 22-ը երաժիշտ, աշխարհի լավագույն սիգարագործներից մեկի՝ Ավո Ուվեզյանի ծննդյան օրն է:
Ավո Ուվեզյանը (իսկական ազգանունը՝ Կույումջյան) ծնվել է 1926 թվականին Լիբանանում, ուր գաղթել է նրա ընտանիքը՝ փրկվելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից:
Ուվեզյան ազգանունը, որով նրան գիտեր աշխարհը, կեղծանուն է։ Ավոյի հորն անվանել են «մոծակ» (Մարաշի հայկական բարբառով հնչում է «ուվեզ»), այստեղից էլ առաջացել է ազգանունը։
Ավոյի հայրը երաժիշտ էր ու հաճախ էր նվագախմբով շրջագայում Եվրոպայում: Երաժիշտ հոր ազդեցությամբ էլ վաղ հասակից զբաղվել է երաժշտությամբ։ Հայրը մահացել է 1942թ-ին, երբ Ավոն 16 տարեկան էր։ Այդ տարիքում նա ստեղծել է իր ջազ բենդը, ինչի շնորհիվ կարողացել է հոգալ ընտանիքի կարիքները։
Թեհրանում հյուրախաղերի ժամանակ նրա խմբին նկատել է Իրանի շահ Ռեզա Փահլավին, ով երաժիշտներին հրավիրել է պալատ: Երբ Ուվեզյանին հարցրել են, թե ինչ լեզվով է նախընտրում շփվել, Ավոն պատասխանել է պարսկերեն՝ դրանով իսկ շահելով շահի համակրանքը։ Հենց Շահ Փահլավիի շնորհիվ Ավոն հնարավորություն է ունեցել մեկնել ԱՄՆ և ընդունվել Նյու Յորքի հայտնի Ջուլիարդ երաժշտական դպրոցը
Ամուսնանալով նյույորքցի ոսկերչի դստեր հետ` Ավո Ուվեզյանը որոշ ժամանակ բիզնես է սկսել ոսկերգործության ոլորտում, սակայն չի դադարել երաժշտությամբ զբաղվել։
Ավելի ուշ Լաս Վեգասում գտնվելու ժամանակ Ավո Ուվեզյանը ծանոթացել է Ֆրենկ Սինատրայի հետ։ Այդ ժամանակ ծնվել է բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկը․ Ավո Ուվեզյանը Սենատրայի համար գրեց «Strangers in the Night» երգը, որը դարձել է Ամերիկայի ոչ պաշտոնական օրհներգը։
Ավոն սկսել է սիգարներ արտադրել, երբ արդեն մոտ 50 տարեկան էր։ Նա գնացել է Պուերտո Ռիկո, այնուհետև Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ հասկացել է սիգարի արվեստի բոլոր գաղտնիքները: Երկու տարի անց նրա արտադրանքը նկատել է «Davidoff» ընկերությունը, իսկ «AVO» սիգարները դարձել են աշխարհի ամենահարգի և թանկ սիգարներից մեկը։
1996 թվականին ապրանքանիշի տասնամյակի կապակցությամբ Ավոն Դոմինիկյան Հանրապետությունում ծխախոտի պլանտացիա է գնել: Նույն տարում նա տասը միլիոն դոլարով վաճառել է սիգարներ արտադրելու և վաճառելու բացառիկ իրավունքները «Oettinger Imex AG»-ին։
Ավո Ուվեզյանն օգնել է բազմաթիվ հայկական բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների, հպարտացել է իր ծագմամբ, նաև սահուն խոսել է մայրենի լեզվով:
Սիգարի արքան կյանքից հեռացել է 2017 թվականի մարտի 24-ին: