Ավստրալիայի կառավարությունը կոչ է անում երկու կողմերին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների անարգել տեղաշարժը

18 Օգոստոսի 2023, 11:35

Քաղաքականություն

Ավստրալիայի կառավարությունը մտահոգված է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակմամբ և տարածաշրջանի բնակչության վրա շրջափակման մարդասիրական ազդեցությամբ։ Ավստրալիան աջակցում է 2023 թվականի օգոստոսի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշմանը, որում նա կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը հեշտացնելու համար:

Ավստրալիան աջակցում է ԿԽՄԿ-ի աշխատանքին և կոչ է անում բոլոր կողմերին ապահովել, որ մարդասիրական օգնությունն անարգել հասնի բոլոր բնակիչներին:

Ավստրալիան նաև պաշտպանում է 2023 թվականի փետրվարի 22-ին Միջազգային դատարանի կողմից կայացված ժամանակավոր միջոցների վերաբերյալ որոշումը, որը հաստատվել է դատարանի կողմից 2023 թվականի հուլիսի 6-ին: Այդ որոշման համաձայն՝ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը։ Ավստրալիան կարևորում է հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ:

«Մենք հետևում ենք հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին և ճանաչում ենք շահագրգիռ կողմերի դիրքորոշումները։ Մենք դիվանագիտական ​​ուղիներով ակտիվորեն կիսում ենք մեր տեսլականներն ու մտահոգությունները երկու կողմերի հետ, ներառյալ մեր աջակցությունը միջազգային միջնորդական ջանքերին՝ առաջնորդներին սեղանի շուրջ բերելու համար:

Մենք նաև կոչ ենք անում 2 երկրներին օգտվել հնարավորությունից՝ համաձայնության հասնելու համար, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը և ճանաչում Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարության պատասխանը՝ Ասորական ազգային խորհրդի (Ավստրալիա) նախագահ Հերմիս Շագենի նամակին

Հիմա եթերում