Ավտովթարից հետո սկսեցի երգել Կոմիտաս. Ջոել Թեննի

08 Նոյեմբերի 2023, 20:00

Կարծիք

Ավետարանական եկեղեցու սպասավոր Ջոել Թեննին Alpha News-ի ուղիղ եթերում պատմել է, որ ավտովթարից հետո,արդեն հիվանդանոցից դուրս գրվելուց ժամանակ անց սկսել է կատարել Կոմիտասի ստեղպագործություններ:

Նա մանրամասներ է ներկայացրել.

«Երեք տարի առաջ, մինչեւ Հայաստան գնալս, իմ մեքենայում Կոմիտասի երաժշտությունն էի լսում եւ հենց այդ ժամանակ, երեք մեքենաների մասնակցությամբ ավտովթար տեղի ունեցավ: Ինչ որ մեկը, որ ընթանում էր ժամում 60 մղոն արագությամբ, հարվածեց ինձ։ Ուղեղի ցնցումով տեղափոխվեցի հիվանդանոց։ Հիվանդանոցում գտնվելու ժամանակ էլ Կոմիտասի երգը իմ գլխից դուրս չէր գալիս։ Եվ երբ դուրս եկա հիվանդանոցից, գնացի զոքանչիս տուն եւ անմիջապես ձեռքերս դրեցի դաշնամուրի ստեղնաշարերի վրա։ Ես ի վիճակի եղա առանց որեւէ սխալի նվագել Կոմիտասի «Չինար ես»-ը։ Նվագեցի երգի երաժշտությունն ամբողջությամբ»,- պատմել է մեր զրուցակիցը:

Ջոել Թեննին չի ունեցել դաշնամուր նվագելու փորձառություն.

«Ոչ մի պարապմունք չի եղել։ Եվ երբ ես նվագում էի, աչքիս առաջ գույներ էին գալիս՝ մանուշակագույն, վարդագույն, կապույտ ու կարմիր։ Ես զանգեցի իմ բժշկին եւ հարցրեցի, թե ինչ է կատարվում ինձ հետ, նվագելիս ես գույներ եմ տեսնում։ Նա ասաց, որ սա կոչվում է սինեսթեզիա, երբ մարդկանց հետ ուղեղի վնասվածք է տեղի ունենում։ Կարծում են՝ իմ ուղեղի հետ ինչ-որ բան տեղի ունեցավ եւ ես զարթնեցի դաշնամուր նվագելու, առանձնահատուկ կերպով Կոմիտաս նվագելու ընդունակությամբ։ Հիմա ես նվագում ու նաեւ երգում եմ Կոմիտասի երգերը»,- ասել է Ջոել Թեննին:

Նա ասում է, որ մտածում է՝ եթե Կոմիտասը ողջ լիներ ու տեսներ այն, ինչ այսօր կատարվեց արցախահայերի հետ, ի՞նչ երգ կերգեր.

«Վերջերս, երբ Բերձորում էի, մտածում էի Ստեփանակերտում բնակվող հայերի մասին։ Այն մասին, թե ինչ են զգում նրանք Ադրբեջանի կողմից 9-ամսյա շրջափակումից հետո, սովամահությունից հետո։ Իսկ աշխարհն այդ ժամանակ լռում էր։ Ես իմ թիմի հետ էի գնացել եւ միասին աղոթում էինք Արցախի հայերի համար։ Եվ ինքս ինձ մտածում էի՝ եթե Կոմիտասը ողջ լիներ 21-րդ դարում եւ տեսներ, թե ինչ է նորից կատարվում իր ժողովրդի հետ, ի՞նչ աղոթք նա կաներ, ի՞նչ երգ կերգեր։ Եվ սկսեցի երգել «Հով արեք»-ը»,- ասել է Ջոել Թեննին: