Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում նշվել է Խաչվերացը

18 Սեպտեմբերի 2024, 18:42

Մշակույթ

Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում նշվել է Խաչին նվիրված տոնը։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տոնական օրվա պատարագիչը Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ Հմայակյանն էր։ Այդ օրն առանձնահատուկ էր ուխտավորների համար, քանզի նրանք հնարավորություն ունեին մոտենալու և հպվելու Թովմա առաքյալի մասունքին, որը հատուկ Թբիլիսիից բերվել էր Ախալքալաք։

Ինչպես հայտնում է Jnews.ge-ն, Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ պատարագի ավարտին ուխտավորները հոգևորականների առաջնորդությամբ և Սրբի մասունքով շրջել են քաղաքով։ Իսկ երեկոյան 5-ին նորից եկեղեցում կատարվել է խաչվերացի անդաստանի կարգ։ Արարողության ավարտին հավատավոր ժողովրդին բաշխվել է օրհնված ռեհանի տերևներ։

Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):

Հիմա եթերում