Ախալքալաքում Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել
26 Հունվարի 2024, 19:34
Ախալքալաքի Աբուլ գյուղի հանրային դպրոցում «Պատահաբար են հանդիպում կյանքում, անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս» խորագիրը կրող միջոցառում է անցկացվել։ Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Խոցանյանն է։
Ինչպես գրում է jnews.ge-ն, միջոցառման մեկնարկը տրվել է «Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել» տողերով։ Այնուհետև ավարտական դասարանների աշակերտները (10-11-12-րդ) նախ ներկայացրել են ականավոր բանաստեղծի կյանքն ու կենսագրությունը, ապա ասմունքել նրա՝ «Մարդը ափի մեջ» ժողովածուից հայտնի տողեր ու սիրային բանաստեղծություններ։
Հունվարի 24-ին լրացել է հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, սցենարիստ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) 100-ամյակը։