Ախալքալաքում տեղի է ունեցել աշուղ Ալիկ Ջավախքի «Ջավախքի կանչը» գրքի շնորհանդեսը

03 Հուլիսի 2024, 18:30

Կրթություն

Ախալքալաքում տեղի է ունեցել աշուղ Ալիկ Ջավախքի «Ջավախքի կանչը» գրքի շնորհանդեսը: Երգարանը հրատարակվել է Թովմաս Պողոսյանի ջանքերով, հրատարակվել է հայկական ժողովրդական երգերի «Գանձարան» շարքում:

Երգերի ժողովածուն հրատարակվել է Մոսկվայում բնակվող Պապոյան եղբայրների՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղի բնակիչներ Ռոբերտի, Մարտունի և Գեորգիի ֆինանսական աջակցությամբ։

Աշուղի գրքի շնորհանդեսին ներկա էին ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» մշակութային միավորման նախագահ Թովմաս Պողոսյանը «Սայաթ-Նովա» ազգագրական երգի անսամբլի հետ, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը, մշակութային գործիչներ, ինչպես նաև Ախալքալաքի գեղարվեստի դպրոցի, երիտասարդական կենտրոնի տնօրեններ:

«Հայկական աշուղական արվեստը երկար պատմություն ունի և բազում մեծերի է ծնել այս ոլորտում: Այսօր «Սայաթ-Նովա» աշուղական միության մշակութային միավորման կենտրոնը նախաձեռնել է 2012 թվականից սկսած հայկական աշուղական երգերի «Գանձարան» շարքը, որի հերթական հատորը Ջավախքի Աշուղ Ալիկ ժողովածուն է», — նշել է Թովմաս Պողոսյանը:

Սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանն իր ելույթում նշել է՝ որոշվել է սահմանել աշուղի օր, որը կդառնա ավանդական և կնշվի ամեն տարի:

«Ջավախքի կանչը» գրքի շնորհանդեսն ավարտվել է «Սայաթ-Նովա» աշուղական համույթի, աշուղ Ալիկ Ջավախքի և նրա սաների համատեղ ելույթով: